Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է․ նա դարձավ 43 տարեկան:
Կառավարության նիստից հետո նրա ավտոշարասյան ճանապարհը փակել են հարյուրավոր մարդիկ՝ շնորհավորելով ծնդդյան տարեդարձի առիթով:
«Բա որտեղից իմացաք,որ էստեղով եմ անցնելու..»,- ասել է Փաշինյանն իր ծննդյան տարեդարձը շնորհավորող ժողովրդին ու խմել նրանց կողմից հրամցված շամպայնը:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ:
Նիկոլ Վովայի Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի մեկին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում։ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ից ի վեր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը։ Մասնագիտությամբ լրագրող է։ 1999-2012 թվականներին եղել է Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրը։2012 -ի մայիսի վեցից մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ ՀՀ ԱԺ-ի պատգամավոր` ընդդիմադիր ԵԼՔ խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Իմպիչմենտ» (հիմնադրված՝ 2007 թվականին և «Ելք» դաշինքների համահիմնադիր։ Ի սկզբանե հանդես է եկել որպես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր – Պետրոսյանի պաշտոնավարման կողմնակից՝ անդամակցելով ՀԱԿ կուսակցությանը։
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունել է ընդդիմադիր կեցվածք, նախաձեռնել և մասնակցել բազմաթիվ համաժողովրդական ընդվզումների։ 2008 թվականի ընտրություններից հետո ՀԱԿ-ի նախաձեռնությամբ Երեանում սկսվում են բողոքի ցույցեր ընդդեմ նորընտիր իշխանությունների եւ քվեարկության ընթացքում նկատված խախտումների։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվում է 10 և վիրավորվում մոտ 300 մարդ։ Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։ 2008 թվականի մարտի 2-ից անցնում է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է: 2011 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։
Ազատություն վերադառնալուն պես Փաշինյանը շարունակում է իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ համամասնական ընտրացուցակով ընտրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Օրենսդիր մարմնում հատկապես աչքի է ընկնում գործող կարգերի և իշխանությունների դեմ ուղղված քննադատական ելույթներով, ինչպես նաև լիբերալ և արմատական դիրքորոշմամբ։ 2015 թվականի մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է լինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրմանը։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր»-ը կոալիցիոն պայմանագիր է կնքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ՝ ստեղծելով ԵԼՔ դաշինքը։ Վերջինս էլ ստանձնում է նորաստեղծ քաղաքական ուժի ղեկը՝ Էդմոն Մարուքյանի ևԱրամ Սարգսյանի հետ մեկտեղ։
2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է Իմ քայլը նախաձեռնությունը և իր համախոհների հետ միասին Գյումրիից քայլարշավով ուղևորվում Երեւան։ Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության տարբեր խմբերի։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։
ՀՀԿ-ի մենաշնորհային իշխանությունը վերջնականապես արմատախիլ անելու և տապալելու նպատակով շարժումը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և սփյուռքի հայոց գաղթոջախներում։ Արդյունքում մայիսի 1-ին Փաշինյանը` որպես հեղափոխական շարժման ղեկավար, ժողովրդի կողմից առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն ԱԺ-ի հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով վերջինիս ընտրության գործընթացը տապալվում է։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվում է ՀՀ 16-րդ վարչապետ։
Ամուսնացած է, ունի չորս զավակ: