Նախօրեին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել իտալացի հանրահայտ արվեստագետ Բրունո Բրունիի գործերի փակ ցուցադրությունը. հետահայաց ցուցահանդեսը կբացվի այսօր` 18.00-ին և կշարունակվի մինչև հունիսի 2-ը: Իսկ 15.30-ին ցուցահանդես կայցելի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, ում բարձր հովանու ներքո էլ կազմակերպվում է այս նշանակալի միջոցառումը:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Անտիկյան» ցուցահանդեսի հիմնադիր Արմինե Անտիկյանն, իսկ աջակցում է «Ռենկո» ընկերությունը, որի նախագահ Ջովանի Գասպարինիի խոսքով որ Բրունին, պարզապես, «խելագար» է՝ բառի դրական իմաստով. «իտալական Պեզարո քաղաքում այդպես են անվանում մարդուն, ով տարբերվում է մնացածներից` արվեստում իր ստեղծագործ ու նորարար մոտեցումներով»:
Ցուցահանդեսին ներկայացված են Բրունո Բրունիի ավելի քան հարյուր աշխատանքներ, այդ թվում՝ քանդակներ ու գրաֆիկական գործեր:
Հունիսի 2-ին՝ ցուցահանդես փակման օրը, տեղի կունենա Բրունո Բրունիի մասին ֆիլմի պրեմիերան, որի հեղինակը ` Asekose.am-ի CV հաղորդման հեղինակ և վարող Նարեկ Բախտամյանը` համաշխարհային համբավ ունեցող իտալացի արվեստագետի հայաստանյան այցի հենց առաջին օրից շրջում է նրա հետ ու արձանագրում Բրունիի հայաստանյան քրոնիկոնը: