▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս գրիչը տեսնո՞ւմ եք, նոր եմ կաշառք ստացել». Բագրատ Սրբազանը հեգնում է Փաշինյանին

«Այս գրիչը տեսնո՞ւմ եք: Նոր եմ կաշառք ստացել: Կաշառատուին չեմ ասի»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, ցույց տալով մանուշակագույն գրիչ, ասաց Բագրատ Սրբազանը: Նա, այսպիսով, ակնարկեց Նիկոլ Փաշինյանին, ով 2020 թվականի հունվարին հայտարարեց, թե Հրայր Թովմասյանն իրեն փորձել է կաշառել` կլոր սեղանի շուրջ գրիչ տալով:

Այնուհետև Բագրատ Սրբազանը նշեց, թե կարծես նախախնամություն լիներ նվեր ստացած գրիչի գույնը, որովհետև հենց այսօր է որոշում կայացվել, որ շարժման գույնը կլինի մանուշակագույն:

Բագրատ Սրբազանի կողմից օրվա ամփոփումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

«Մեր սխալը եղել է Արցախը հայկական հարցի փաթեթից առանձին դիտարկելը: Այո, Արցախի հարցը գլխավոր հարցն է եղել, բայց առանձին չի եղել հենց այդտեղ է, որ սխալվել ենք: Ուստի հայոց հարցի մեծ շարանում այդ հարցը պետք է վերադարձնենք»,- այսօր, սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով օրը` ասաց Բագրատ Սրբազանը:

***

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանն անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ եկեղեցուն հարկելու մասին պահանջին:

«Իբր ԱԺ խոսնակը, որն իրեն նախագահ է հռչակել, ով միայն ԱԺ ներսում է հոխորտում, ԱԺ-ից դուրս թիկնապահներով բռնում է մարդկանց, որ ինքը վրաները թքի ու նաև դրա համար ներողություն է խնդրում իր աջակիցներից ու ենթադրյալ հետևորդներից, նաև դրա համար ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում, այսօր հարկ է համարել ասելու, որ եկեղեցին պիտի հարկվի: Նրան հիշեցնեմ՝ եկեղեցին բոլոր հարկերը վճարում է՝ բացի ծիսական պարագաների հետ կապված հարկերից, որոնք օրենքով են սահմանված:

Ժամանակին, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո եկեղեցի-պետություն հարաբերությունների կարգավորման խնդիրներն առաջացան, եկեղեցին, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, այն բոլոր ռեպրեսիաների դիմաց, որոնք կրել էր սովետական ժամանակաշրջանում, իրավունք ուներ պետությունից ստանալու բոլոր կորուստները, որոնք կրել էր՝ գույքի տեսքով, նյութական այլ արժեքների տեսքով և ընդհանրապես՝ իրավունքների տեսքով։ Հետխորհրդային երկրներում, նույնիսկ նախկին սոցիալիստական երկրներում, մինչև այսօր պետությունը եկեղեցուն վճարում է մեծ գումարներ՝ ի հատուցումն խորհրդային ժամանակ կրած բոլոր զրկանքների։ Միակ եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցին է, որը ոչ մի լումա չի ստացել՝ իր իսկ ցանկությամբ, որպեսզի պետությանը որևէ կերպով վնաս չհասցնի՝ հանձն առնելով իր առաքելությունը, գործունեությունը իրականացնել և կարիքները հոգալ՝ սեփական ջանքերով, առանց փորձելու բեռ լինել պետության վրա։ Հիմա, փետուրով մարդիկ վեր են կացել և ասում են՝ պիտի հարկենք»։

***

«Այս մարդկանց` իշխանության մնալու ամեն օրը դժբախտություն է ֆիզիկական և հոգևոր-բարոյական: Ինձ չեք հավատում, գնացեք Կիրանց, Ոսկեպար, տեսեք էդ քաջ, հերոսական մարդկանց կծկված վիճակը: Տեսեք, ու զգացեք ձեզ մի պետության մեջ, որտեղ բոլորի անվտանգությունն, իբև թե, երաշխավորված է»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Ամենաշատ կեղեքող իշխանությունն է այս իշխանությունը, և ընդ որում, խոստումներով կեղեքող: Այսինքն, մի բան խոստացած, մի այլ բան արած: Հենց ամենաառաջինը` ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ: Ազդանշանի համար են հիմա տուգանում, բայց տուգանքի մատերիալ չէ: Ո՞րն ասես»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը: Նա կոչ արեց մայիսի 26-ին ժամը 4-ին անպայման լինել հրապարակում, որտեղ կտրվեն շատ հարցերի պատասխաններ: «Մայիսը լավ ամիս է»,- ամփոփեց նա:

***

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեղադրեց հոգևորականներին` քաղաքականությամբ զբաղվելու համար: «Աստվածաշնչի մեջ էլ է ասված՝ իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ, քաղաքականությունը առևտուր է»:

Երբ լրագրողները Սիմոնյանի խոսքերը փոխանցեցին Բագրատ Սրբազանին, նա պատասխանեց. «Քաղաքականությունն առևտուր է, դրա համա՞ր են երկիրը վաճառել»:

***

«Մեր երկրի պայծառատես արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե Կիրանցում մարդկանց սեփականության վկայականները թյուրիմացաբար են տվել: Պատկերացնում եք, պետական ինստիտուտը` Արդարադատության նախարարությունը թյուրիմացաբար թուղթ է տալիս, ոչ թե մի փոքր նոտարական գրասենյակ, այլ Արդարադատության նախարարությունը: Ահավասիկ, ձեզ վկայություն` մեր ապրած կյանքի»,- նշեց Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղցեում իր ելույթի ժամանակ:

***

«Մեր շարժումը մանուշակագույն է և հոգևոր և ֆիզիկական իր արտահայտությամբ: Շատ շուտով մեր աշխատախումբը` մեր զորքն, այդ գործը կիրականացնի և բոլորդ մանուշակագույն կլինեք: Մանուշակագույնը Աստվածամոր գույնն է, հաղթանակի, մաքրության, ճանապարհից ետ չկանգնելու գույնն է»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին