«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին վաստակավոր արտիստի կոչումներ է տվել շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչների: Հանրության կողմից առավել քննադատվեց երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Ռազմիկ Ամյանին բաժին հասած վաստակավորի կոչումը: Armtimes.com-ը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի հատկապես Ռազմիկ Ամյանին տրված վաստակավորի կոչման մասին:
«Այ մարդ, չեմ ճանաչում էդ Ամյանին, ի՞նչ իմանամ լավ ա, վատն ա…Անունն եմ լսել, իրեն չեմ լսել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ծատուրյանը:
Այն հարցին, թե Սերժ Սարգսյանի կողմից Արմենչիկին տրված ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից հետո, սա երկրորդ դեպքն է, որ հանրության կողմից մեծ քննադատության է արժանանում, Ծատուրյանը նշեց.
«Ի՞նչ են ասում, որ Արմենչիկն արժանի՞ էր, իսկ Ռազմիկ Ամյանը՝ ո՞չ: Լավ են արել, տվել են, արժանի են…»,- հեգնեց Նիկոլայ Ծատուրյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ Հայաստանում վաստակավոր արտիստի կոչումն արժեզրկված է:
«Վաստակավորի կոչմանն արժանանալու համար պետք է շատ լավը լինել: Հայաստանում վաստակավորի կոչումն արժեզրկված է, նույնիսկ ես ժողովրդական արտիստի կոչում ունեմ»,- ասաց նա:
Ռազմիկ Ամյանը ծնվել է 1982 թվականին՝ Արցախում: Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում