Իտալացուն հատուկ ջերմությամբ երեկ համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ Բրունո Բրունին գերմանական ճշտապահությամբ ուղիղ 16:00-ին «The Club»-ում ընդունում էր իր արվեստը գնահատողներին, լրագրողներին և նաև այն մարդկանց, որոնց հետաքրքրում էին իր աշխատանքները, այցերի նպատակը և հայաստանյան խենթությունները:
Ներկայումս Գերմանիայում ամենապահանջված և կոմերցիոն նկարիչներից մեկը համարվող Բրունո Բրունին արդեն երրորդ անգամ է, ինչ Հայաստանում է, և այստեղ նրան հասցրել ենք զարմացնել ոչ միայն ավանդական դարձած հայկական հյուրասիրությամբ.
«Հայաստանը նախկինում լավ չեմ ճանաչել, միայն գիտեի, որ Թուրքիայի հետ խնդիրներ ունի, սակայն այցերիցս հետո զարմացած եմ հատկապես հայերի` արվեստի նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ, որը բոլոր երկրներում չէ, որ նկատելի է: Ընդհանուր առմամբ` տպավորված եմ. մարդիկ հյուրասեր են, ագրեսիա չեմ նկատել, իսկ կանայք էլ շատ գեղեցիկ են»,-ասաց Բրունո Բրունին լրագրողների հետ զրույցում:
Ինչպես արդեն Asekose.am-ը տեղեկացրել էր, Հայաստանի Ազգային պատկերասրահում ապրիլի 25-ից հունիսի 2-ը հայ արվեստասերները Բրունո Բրունիի աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն էին ունեցել և անդրադառնալով ցուցադրությանը` Բրունին ասաց, որ Հայաստանից իր հետ առաջին հերթին տանելու է լավ հիշողություններ, քանի որ հիանալի մարդկանց հետ ծանոթանալու և շփվելու հնարավորություն է ունեցել:
Բրունո Բրունին նաև ընդգծեց, որ Հայաստան վերադառնալու մեծ ակնկալիք ունի: Ավելին` հնարավոր է, որ աշխարհահռչակ իտալացին Հայաստանում հողակտոր ձեռք բերի.
«Այդ միտքը չեմ բացառում, սակայն դա դեռ երազի պես մի բան է թվում, դեռ չեմ պատկերացնում` երբ և որտեղ կարող եմ դա անել»:
Հանդիպման շրջանակներում Asekose.am Production-ը ներկայացրել է Asekose.am-ի CV հաղորդման հեղինակ և վարող Նարեկ Բախտամյանի հեղինակած վավերագրական ֆիլմը` Բրունո Բրունիի հայաստանյան այցի մասին: Յոթ օր շարունակ Նարեկ Բախտամյանը, ֆիլմի ռեժիսոր Էդվարդ Սողոյանի և օպերատոր Արմեն Հակոբյան-Թամրազյանի հետ միասին ամենուր հետևել են աշխարհահռչակ իտալացուն` նրա այցի մանրամասները ներկայացնելու նպատակով:
Ըստ Նարեկ Բախտամյանի` իրենք թեև Բրունո Բրունիի կողքին էին, սակայն միաժամանակ աշխատում էին չխանգարել մեծ վարպետին, ինչի արդյունքում էլ կարողացան բացահայտել նոր Բրունո Բրունիի, ով որքան էլ բծախնդիր է իր աշխատանքների նկատմամբ (դրա ապացույցն այն է, որ Հայաստանում իր աշխատանքներն անձամբ էր դիմավորում և նախապատրում սպասվող ցուցադրությանը), այնքան էլ հասարակ է շփման մեջ և կարող է իտալական պաստա պատրաստել, ինչպես Գերմանիայի վարչապետի, այնպես էլ` իր համար.
«Հիասքանչ անձնավորություն է, որից սովորում ես սեր դեպի կյանքը, եռանդ, աշխատասիրություն և շատ մեծ հոգի, որը ներդնում է իր աշխատանքների մեջ: Բրունին երբեք առաջնահերթություն չի տալիս հենց այս պահին հաջողության հասնելուն և արագ օլիմպներ նվաճելուն, նա հանգիստ անում է այն, ինչը սիրում է և ինչին նվիրված է: Գումարը և հաղթանակն էլ ուղղակի գնում են այդ տեսակ մարդու հետևից»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Բախտամյանը:
Նշենք, որ ֆիլմի հիմքում Բրունո Բրունիի ցուցադրությունն է, որին ներկա են եղել նաև Սերժ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով այն կարծիքին է, որ Բրունին ունի մի բան, որի շնորհիվ կարողանում է մարդու հոգին մտնել, ինչպես նաև նկարչի և նրա կնոջ երևանյան զբոսանքները, Օհանավան և Սաղմոսավանք այցելությունները:
Հիշեցնենք, որ Բրունո Բրունիի երևանյան ցուցադրությունը «Անտիկյան» ցուցասրահի և «Ռենկո Արմէստեյտ» ընկերության շարունակական համագործակցության շրջանակներում է եղել, որը ևս մեկ կարևոր քայլ է հայ-իտալական մշակութային երկխոսության մեջ, ինչի վերաբերյալ Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում «Անտիկյան» ցուցասրահի ղեկավար Արմինե Անտիկյանն ասել է, որ իր կարծիքով՝ ժողովուրդների միջև ամենաուժեղ ու ամուր կապը հենց մշակութային կապն է:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան