▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն ՍԱՖԱՐՅԱՆ.«Աշխարհում ինձ համար ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ է»

Asekose.am և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է երգիչ Արսեն ՍԱՖԱՐՅԱՆԸ:  

- Ինչպե՞ս է անդրադարձել Ձեր մարդկային որակների վրա «շոու-բիզնես» կոչվածը:

-   Շոու-բիզնեսը, բնականաբար, անդրադարձել է իմ  կենսակերպի վրա,  բայց հուսով եմ՝  ոչ իմ մարդկային որակների վրա:  Ինձ համար  բարի անունն է՝   մարդու ամենամեծ որակը:  Եթե արտիստը բեմը խառնում է իրական կյանքի հետ, վաղ թե ուշ նա լուրջ խնդիրների առաջ է կանգնելու  այդ նույն կյանքում: 

- Եթե հնարավորություն ունենայիք մեկ ժամով անմիջականորեն շփվել բոլոր ժամանակների ու բոլոր ազգերի հայտնի  և ազդեցիկ մարդկանցից որևէ մեկի հետ, ով կլիներ այդ մեկը և ինչու:

-  Չգիտեմ ուրիշներն ինչպես, բայց ես ինձ համարում եմ հեղինակ-կատարող, իսկ այդ  աշխարհում ինձ համար անգերազանցելին Շառլ Ազնավուրն է: Եթե ինձ  անմիջական շփման հնարավորություն տրվեր, ես,  առանց երկմտելու կցանկանայի, որ նա լիներ` ՄԵԾ ՄԱԵՍՏՐՈՆ… Ինչու՞, որովհետև ուզում եմ իմանալ, թե իրական կյանքում  ինչպիսին  է համայն աշխարհի հեղինակ-կատարողների արքան:

 -  Ձեր բնավորության գծերից ո՞րն եք համարում Ձեզ համար ամենակարևորը, որի շուրջ դուք կառուցել եք ձեր «ես»-ը:

 - Իմ բնավորության  լավ կամ վատ գծերի գնահատականը, երևի, ավելի օբեյկտիվորեն կտան հարազատներս,  ընկերներս ու մտերիմներս: Ինչ մնում է ինձ`մարդու մեջ ամենաշատը գնահատում եմ համեստությունը, դժվարությունից չընկճվելու և հաջողությունից գլուխը չկորցնելու ընդունակությունը:

 Ո՞վ է հանդիսացել Ձեր կյանքի ամենամեծ ուսուցիչը:

 -  Իմ ամենամեծ ուսուցիչը եղել է հենց կյանքի դպրոցը. կյանքը  ինձ ստիպեց  հասկանալ , որ իսկական պրոֆեսիոնալը պետք է սովորի ամեն վայրկյան և երբևէ  չմտածի, որ ինքն արդեն  ամեն ինչ գիտի: Դուք լավ գիտեք, թե ովքեր են այդպես մտածում… Իսկ եթե անձնավորեմ,  առաջին ուսուցիչս եղել է եղբայրս` Արթուրը, իսկ պրոֆեսիոնալ բեմի և կատարողական վարպետության անփոխարինելի ուսուցիչս Արթուր Գրիգորյանն է:  Իմ կայացման մեջ նրա վաստակը ես շատ եմ գնահատում:

 Ինչպիսի՞ն է եղել Ձեր առաջին սերը:

 -  Առաջին սիրո պես` քաղցր և անհասանելի…

 -Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:

 - Մեր հարևան մի ծերունի` Նեստոր անունով, որն իրականում շատ բարի մարդ էր:

 Եթե չլինեիք երաժիշտ, ի՞նչ մասնագիտություն կցանկանայիք ունենալ և ինչու՞:

 -  Միանշանակ,  քանդակագործ,  որովհետև մանկուց սիրել ու  զբաղվել եմ քանդակով և այժմ էլ շատ եմ սիրում արվեստի այդ տեսակը: Հիմա էլ հուսով եմ, որ առաջիկայում կկարողանամ ժամանակ գտնել ու զբաղվել քանդակով,  ի դեպ` իմ սեփական արվեստանոցում:

 Եղե՞լ է Ձեր կյանքում այնպիսի մի դեպք, որը ազդել է Ձեր ճակատագրի վրա:

 -   Շատ են եղել նման դեպքերը. առաջին  ելույթս հանդիսատեսի առաջ,   այն պահը,  երբ  հասկացա,  որ  գտել եմ  կյանքիս  կեսին, զավակներիս  ծնունդը,  այն օրը, երբ առաջին անգամ  մտա իմ կառուցած տունը: Բնականաբար` եղել են նաև տհաճ տեպքեր,  բայց դրանց մասին չեմ ուզում խոսել…

 Ի՞նչը կարող է Ձեզ այնպես նյարդայնացնել, որ Դուք ափերից դուրս գաք:

 -  Ինձ ափերից  հանելը հեշտ չէ, բայց դժվար էլ չէ:  Ինչ-ինչ դեպքերում  կարող եմ զսպել ինձ,  բայց եթե խոսքն ինքնասիրության և արժանապատվության մասին է, զսպվածություն լինել  չի կարող: Չեմ երաշխավորում, որ կկարողանամ ինձ քաղաքակիրթ մարդու նման պահել, եթե ինչ-որ մեկը փորձում է վիրավորել այդ արժեքները:

 Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

 - Նման բաներ, ինչքան գիտեմ, եղել են,  բայց  անկեղծ ասած՝  երբեք հիվանդագին, անգամ լուրջ չեմ վերաբերվել ասած ասեկոսեներին, և այս պահին նույնիսկ չեմ էլ հիշում թե ինչեր են մոգոնել իմ մասին… Բայց չէ, մեկը հիշում եմ` շատ զվարճալի մի բամբասանք:  Մի ժամանակ չգիտեմ` ով էր տարածել, որ իմ քիթը պլաստիկ վիրահատության է ենթարկված,  ատամներս էլ  իմը չեն… Այդպես էլ չիմացա, թե ումն են:

 Ի՞նչպես  Ձեզ կբնութագրի  Ձեր կինը: 

 -  Այն, որ կանայք առեղծված են, ամենաշատը համոզվել եմ սեփական կնոջս հետ ապրելու տարիներին: Ես իրոք, չգիտեմ, թե ինչ է մտածում նա իմ մասին: Իսկ եթե այդ հարցը նրան տա՞նք…

 

 Ի՞նչպես Դուք ինքներդ կբնութագրեք Ձեզ :

 -   Կյանքում ամենաշատը սիրում եմ պարզությունը, որովհետև համաձայն եմ այն մտքի հետ, որ հանճարեղությունը պարզության մեջ է: Ասում են` «լավություն չես կարող անել, վատություն էլ մի արա». փորձում եմ ապրել այդ սկզբունքով և մինչև հիմա կարծես թե ստացվել է:  Անկախ նրանից` ով եմ ես, ինչերի եմ հասել, կամ կհասնեմ արդյո՞ք`թե ոչ,  ձգտում եմ ապրել մարդավարի, որովհետև ամենամեծ մասնագիտությունը մարդ լինելն է:

 

 Հեղինակ՝ Քրիստինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին