▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմոն և Լիլին հաստատում են,«Vitamin»-ցիները՝ «սպառնում». հայտնիները՝ աղանդավոր լինելու մասին

Life.panorama.am-ը գրում է. Ժամանակ առ ժամանակ համացանցում են հայտնվում հայտնի մարդկանց լուսանկարները՝ մատնանշելով, որ նրանք հարում են տարբեր աղանդավորական շարժումների: Վերջին օրերին նման լուրերը նոր ալիքով են տարածվել, այդ նպատակով այսօր փորձեցինք լսել մեկնաբանություններ հենց «մեղադրվողներից»:

Դերասանուհի Լիլի Էլբակյանը նման խոսակցությունների տարածման վերաբերյալ հայտնելով իր վրդովմունքը՝  նշեց. «Եթե ես մտածեմ, որ գնում եմ մի վայր, որը աղանդ է, ապա ես երբեք չեմ գնա տվյալ վայրը: Ես ինքս ունեմ հատուկ վերաբերմունք և մեր Առաքելական Եկեղեցու նկատմամբ, որը շատ սիրում եմ և այցելում եմ, և նաև այցելում եմ «Ռեմա եկեղեցի»-ն, որը շատ սիրում եմ և աղանդ չեմ համարում, որովհետև այնտեղ բացի կենդանի Աստծո խոսքից ոչինչ չի քարոզվում: Կարծում եմ՝ իմ իրավունքն է, իմ հավատքն է, ես ուր ցանկանամ, այնտեղ էլ կգնամ և կպաշտեմ իմ Աստծուն, որովհետև Աստված ամենուրեք է, Աստված միայն Առաքելական Եկեղեցու պատերի մեջ չէ, գլխավորը նրան պաշտելն է: Նույն Աստվածաշնչում ասվում է՝«Որտեղ հավաքվում են երկու-երեք, ես այնտեղ եմ», այն եկեղեցին որտեղ ես գնում եմ, ոչ մի բառով, ոչ մի տառով չի շեղվում Կտակարանից: Ես ինձ աղանդավոր չեմ համարում»:

Հարցին, թե ըստ դերասանուհու ովքե՞ր են աղանդավոր համարվում, Լիլի Էլբակյանը նշեց. «Աղանդավոր են նրանք, ովքեր չեն ընդունում Հայր, Որդի և Սուրբ Հոգի Երրորդությունը: Միևնույն կերպով ամբողջ աշխարհը Առաքելական Եկեղեցին աղանդ է համարել, որովհետև չի մասնակցել Քաղքեդոնի հանգանակին: Իմ սկեսուրը առաքելական Եկեղեցու խիստ հավատացյալ է և ամեն կիրակի գնում է Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի, որտեղ և ես եմ պսակադրվել, մենք էլ, երբ ժամանակ ենք ունենում գնում ենք Առաքելական Եկեղեցի, Զատիկին էլ, անպայման, այցելում ենք կրկին մեր Առաքելական Եկեղեցին, դեռ մանկուց ծնողներս ինձ տարել են Սուրբ Սարգիս Եկեղեցի և տվել են ինձ հոգևոր դաստիարակություն: Պետք է ասեմ նաև, որ վաղուց՝ մոտ 3 տարի է, ինչ չեմ այցելել «Ռեմա եկեղեցի», քանի որ զբաղվում եմ երեխաներիս խնամքով, բայց եթե ցանկանամ, նորից կայցելեմ, քանի որ համարում եմ այն առողջ եկեղեցի: Եթե աստվածավախութունը և Քրիստոնեությունը այսօր աղանդ է համարվում, ես պարզապես զարմանում եմ: Կարծում եմ, որ ավելի լավ է, երբ մարդ փնտրում է Աստծուն, քան ընդհանրապես անջատում է իր խիղճն ու ոչինչ չի իմանում: Առհասարակ, ամբողջ աշխարհում Ավետարանչական եկեղեցին աղանդ չի համարվում, ամերիկյան եկեղեցիներն էլ հենց այդպիսինն են: Մեր Առաքելական Եկեղեցու շատ քահանաներ և ծառայողներ ընկերություն են անում մեր եկեղեցու հովիվների հետ, հաճախ այցելում են, որի համար ես շատ ուրախ եմ. այդպես փորձի փոխանակում է լինում, ինչպես ես կգնայի ուրիշի թատրոն: Միացյալ նահանգներում գիտե՞ք մեր աստղերը ուր են գնում, այնտեղ, ուրեմն, շատ աստղեր աղանդավոր են, որ գնում են սովորական եկեղեցի, նստում են, երգում են, փառաբանում են Աստծուն պարզ հայերենով, այլ ոչ թե գրաբարով: Ուրմեն ի՞նչ է ստացվում, իրենք բոլորը աղանդավո՞ր են, եթե այո, ուրեմն ես էլ եմ աղանդավոր»:

Զրույցը եզրափակելով Լիլին ընդգծեց. «Ես աղանդավորական կյանքով չեմ ապրում, դրա մասին իմ ընկերները կվկայեն, ես ոչ մեկին իմ հավատքը չեմ պարտադրում,  հոգեորսություն չեմ անում, ոչ մեկին չեմ «քաշում» իմ հետևից, ես պարզապես հավատում եմ իմ Աստծուն և դա ինձ օգնում է ապրել, ես ապրում եմ Աստծո սկզբունքներով, եթե դա ինչ-որ մեկին խանգարում է, ուրեմն այդ մեկը թող մտածի, դա իր խնդիրն է, ոչ թե իմը: Ամեն մարդ ազատ է իր հավատքի մեջ, եթե ես տանը նստած աղոթում եմ իմ Աստծուն, ուրեմն ես ինձ աղանդավոր չեմ համարում»:

Երգիչ Արմոն ևս չհերքեց, որ հաճախում է Ավետարանչական եկեղեցի. «Նախ ՝ պետք է ասեմ, որ ինձ չի հետաքրքրում, թե ով, ինչ է մտածում, որովհետև ես գիտեմ, թե ում եմ հավատում՝ երկինք, երկիր ստեղծող Տեր Աստծուն, բացի այդ՝ կարծում եմ, որ եթե մի մարդ անգամ աղանդավոր է, ապա ոչ մեկը այն դատելու իրավունքը չունի, քանի որ ոչ մեկին դատելու իշխանությունը տրված չէ, դա վերաբերվում է ողջ մարդկությանը, Աստված թող որոշի տվյալ մարդը աղանդավոր է, թե ոչ: Խորհուրդ կտամ մեր հայ ազգին, այն մարդկանց, ովքեր իրենց համարում են Քրիստոնյա, բայց Նոր Կտակարան չեն կարդում, գնան և տանը փնտրեն, վստահ եմ կգտնեն Նոր Կտակարան, կարդան և ճշմարտությունը իմանան, այդպես նրանք բոլոր այս տեսակ հարցերից կազատվեն: Տգիտությունից ելնելով, նրանց, ովքեր այսօր տարածում են այսպիսի խոսակցություններ, ես միայն կասեմ՝ ձեզ շատ եմ սիրում և կաղոթեմ ձեզ համար: Ես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ, բայց չի նշանակում, որ եթե Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ չէ տվյալ մարդը, ուրեմն աղանդավոր է նա, քանի որ Աֆրիկայում աֆրիկացին պաշտում է Հիսուս Քրիստոսին, բայց այնտեղ չկա Հայ Առաքելական Եկեղեցի, ինչ է ստացվում, ուրեմն նա աղանդավո՞ր է»: Հարցին, թե բացի Հայ Առաքելական Եկեղեցուց երգիչը որևէ կազմակերպություն հաճախում է, Արմոն նշեց. «Ես որտեղ ցանկանում, այնտեղ էլ գնում եմ, որտեղ կա մաքուր Աստծո խոսք, ես գնում եմ: Ես գնում եմ Ավետարանչական եկեղեցի, որտեղ լսում եմ Աստծո խոսքը, բայց դա չի նշանակում, որ մեր Հայ Առաքելական Եկեղեցին չենք ընդունում»:

«Մեղադրյալի աթոռին» գտնվող «Vitamin» հումորային ակումբի տղաների մոտեցման վերաբերյալ իր մեկնաբանությունը տվեց ակումբի պրոդյուսեր Վլադ Սահակյանը. «Այսօր ով պարապ է մնում, այս թեման է քննարկում, հիմա համացանցում ով ուզում է, ինչ ուզում է գրում է»,- նշեց պրոդյուսերը: Ոչ հերքելով, ոչ հաստատելով լուրը, Վլադ Սահակյանն ասաց. «Ինչ հերքենք կամ հաստատենք, եթե նման խոսակցությունները անհայտ մարդիկ են տարածում: Բերեք ինձ այս լուրը պաշտոնապես հայտարարողին, մենք էլ նրան պաշտոնապես դատի կտանք, այլապես բամբասանքային մթնոլորտում մենք ասելիք չունենք»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին