▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի դատախազ Էդգար Բաբայանը հօգուտ թուրքի որոշո՞ւմ է կայացրել

«Իրավունք»-ը գրում է․ Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Միլազմ Ավդոյանն արդեն որերորդ անգամ ահազանգում է, որ Արմավիրի դատախազությունն՝ ի դեմս դատախազ Էդգար Բաբայանի, եւ Քննչական կոմիտեի մարզային վարչությունը կոծկում են խոշոր չափի խարդախության գործը։

«Իրավունք»-ի հետ զրույցում Ավդոյանը հիշեցրեց մամուլում հայտնի պատմությունը: Դեռեւս 2021 թվականի հոկտեմբերին նա 30 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է վաճառել Իրանի քաղաքացի, ազգությամբ թուրք Ղասեմ Աբդուլահ Նեժադին՝ մի երեք օրից գումարը ստանալու ակնկալիքով։ 200 գլուծ խոշոր եղջերավոր անասունը պետք է հասներ Մեղրիի անցակետ, որ Իրանի քաղաքացու ներկայացուցիչը տեսներ, որ ապրանքը տեղ է հասել, փողը տար։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել հետո, մի իսկական կինո է:

«Հետո Ղասեմ Աբդուլահ Նեժադին զանգում է ինձ, թե` անասունների վրա տիզ կա, բայց էդ ժամանակ արդեն մեզ խաբած է լինում. ապրանքը անցել էր Իրան, իսկ ինքն ասում էր՝  Մեղրիում է։ Էլի զանգեց, էս անգամ էլ ասաց՝ որդին Իրանում վթարի է ենթարկվել, հիմա կենդանին մնում է մաքսակետում, իսկ ինքը գնում է Իրան։ Խաբում էր. կենդանին արդեն անցկացրել էր ու ինքն էլ գնացել»,- մանրամասնեց Ավդոյանը:

Պարզվում է՝ Ղասեմ Աբդուլահ Նեժադին եւ Ավդոյանն իրար վաղուց են ճանաչել, բայց առաջին անգամ է, որ առքուվաճառք պետք է տեղի ունենար նրանց միջեւ:

Ավդոյանը նշեց, որ  2022 թվականի ապրիլին դիմել է Արմավիրի ոստիկանություն, որի արդյունքում Իրանի քաղաքացուն բերման են ենթարկել Հայաստան, խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Առերեսման ժամանակ ազգությամբ թուրքը հայտարարել է, որ որեւէ ապրանք չի գնել Ավդոյանից։

«Գործը երկու տարի քննում էին։ Այդ ընթացքում պարզել էին, որ առքուվաճառքի պայմանագրի տակ նա կեղծել էր իմ ստորագրությունը, փորձաքննությունը հաստատել էր նաեւ, որ կեղծ փաստաթղթերով է արտահանել կենդանիներին։ Բայց այս ամենի վրա քննինչն ու դատախազը աչք են փակում։ Երկու տարի գործը քննելուց հետո, երբ գործը պետք է ուղարկեին դատարան, Էջմիածնի քննչականի պետի տեղակալը զանգեց, կանչեց ու ասաց՝ գիտես Արմավիրի մարզի դատախազը գործը կարճել է։ Թե ինչ հիմնավորմամբ, ինչ պատճառաբանությամբ է դատախազությունը գործը հօգուտ թուրքի կարճել, չգիտեմ։ Հիմա նրա հետապնդումը դադարեցրել են, որ Ղասեմը կարողանա Հայաստանից գնալ», - վրդովված ասաց Ավդոյանը:

Ավդոյանը կարծում է, որ այստեղ կոռուպցիա  կա.  «Եթե  կաշառք  չեն  վերցրել,  ինչի՞  են  էդ  թուրքի  օգտին որոշում կայացրել ու գործը փակել, բոլոր ապացույցները կան, որ խարդախություն է արել, իմ ստորագրությունը կեղծել է, կենդանիներին էլ կեղծ փաստաթղթերով՝ հանել երկրից, բայց այս բոլոր ապացույցները հաշվի չեն առել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին