«Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երթևեկության կանոնների խախտման դեպքում վարորդներին տուգանքի մասին ժամանակին իրազեկելու խնդրին։
«Ես, ինչպես և ցանկացած` նույնիսկ օրինակելի վարորդ, երբեմն, ինչ-ինչ հարգելի ու անհարգելի պատճառներով անում եմ խախտումներ... ո՞վ չի անում...
Սակայն ես ինձ համարում եմ պարտաճանաչ տուգանք մուծող, չնայած դրանց անբացատրելի «խստությանը»։
Վերջին մեկ ամսվա ընթացքում ես արդեն (դեռ) երկրորդ զանգն եմ ստանում ԴԱՀԿ-ից (հարկադիրից), և տեղեկանում, որ իմ գործն արդեն իրենք են քննում մեկ տարի շարունակ տուգանքները չվճարելու պատճառով, որն էլ ուղեկցվում է բանկային հաշիվների կալանքով, տույժ ու տուգանքներով և այլն...
Եթե ես, լինելով Հայաստանի քաղաքացի և, վերջապես, մարդ արարած, մեկ տարի առաջ ուշացրել կամ չեմ մուծել խախտումս, որովհետև, օրինակ` եղել եմ բուժման մեջ և վատառողջ լինելով ուշադիր չեմ եղել, երկրից դուրս եմ եղել, կորցրել եմ տուգանքի թուղթը և չեմ նկատել, դժբախտության մեջ եմ եղել և այդ պահին ուղղակի գումար չեմ ունեցել (և վերջապես մարդ եմ, ստացվել ա...), արդյո՞ք ես պետք է այդ ամենի մասին տեղեկանամ ուղիղ մեկ տարի անց, երբ արդեն սովորական տուգանքի չափը բազմապատկվել կամ եռապատկվել է:
Արդյո՞ք չկա օրենք, ըստ որի քաղաքացուն պետք է ամեն ամիս զգուշացնել, որպեսզի նա մուծի իր տուգանքները, որովհետև հնարավոր է, որ նա դրանց մասին տեղյակ չէ:
Արդյոք «չեստնի՞» է մեկ տարի շարունակ ամեն ամիս մարդուն տուգանել իրենից գաղտնի»։