ՀՀ Արդարադատության նախարարությունն այսօր կազմակերպել էր տարեվերջյան հանդիպում լրագրողների հետ: Միջոցառման սկզբում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախ շնորհակալություն հայտնեց լրագրողներին ակտիվ համագործակցության համար` ընդգծելով, որ դա օգնում է ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը. «Մեր աշխատանքում ձեր ներդրումն ու մասնակցությունն անգնահատելի է: Դուք օգնում եք մեզ վեր հանել համակարգում առկա խնդիրները, մեզ ստիպում եք ավելի զգաստ և զգոն լինել: Եղած խնդիրներն արձանագրելով, դրանք բարձրացնելով և մեզ քննադատելով` ստիպում եք մեզ չթուլանալ, միշտ ավելի ուշադիր լինել համակարգային խնդիրների նկատմամբ: Մենք միշտ փորձում ենք մաքսիմալ բաց և թափանցիկ լինել լրատվական դաշտի հետ, որևէ խտրականություն չդնել»,-նշեց նախարարը:
Ըստ Հովհաննես Մանուկյանի` որքան պետական մարմինը և պաշտոնյան բաց է մամուլի համար, որքան մասնակից է դարձնում մամուլին համակարգային խնդիրների քննարկման, ուսումնասիրման և հիմնախնդիրների վերհանման գործընթացին, այնքան մամուլն ավելի ընկերական է դառնում այդ համակարգի հետ:
Նախարարի ելույթից հետո նրա մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, տարվա ընթացքում լրատվամիջոցներում եղել են հրապարակումներ, որոնք նախարարությունում բոլորը սկսել են քննարկել, եթե պետք է եղել արձագանքել են: Եվ ըստ այդ հոդվածների` տարեվերջյան այս հանդիպման ժամանակ Ծովինար Խաչատրյանը ներկայացրեց այն լրատվամիջոցները, որոնք հաղթող են դարձել նախարարության կողմից սահմանած անվանակարգերում:
Հաղթողների թվում է նաև ASEKOSE.am-ը, որը հաղթող է ճանաչվել «Ամենաճշմարտանման շշուկ» անվանակարգում` «Եթե նախարարն իմ գրքից մի 30 օրինակ գնի` մի քանի լավ հուշ կպատմեմ իր մասին. Յուրի Մեչիտով» հրապարակման համար:
Շնորհակալություն ենք հայտնում մեր աշխատանքին հետևելու և այն գնահատելու համար:
Ներկայացնում ենք նաև մյուս մրցանակակիր լրատվամիջոցներն ու նրանց հաղթած անվանակարգերը:
Նախարարի առաջին հարցազրույց - News.am
Ամենազվարճալի սուտ - Hayeli.am
Ամենաօպերատիվ լուսաբանում- Armenpress.am
Ամենակրեատիվ բամբասանք - «Հրապարակ» օրաթերթ
Ամենադիպուկ լեգենդ - Armlur.am
Ամենաճշմարտանման շշուկ - Asekose.am
Նախարարության կայքի ամենաանդավաճան բաժանորդ - Իրավաբան.net
Ամենազգաստացնող տեսախցիկ - Գագիկ Շամշյան
Ամենաուղենշային հրապարակում - Hetq.am
Տարվա հազարերորդ զանգ - Ազատություն ռադիոկայան
Ամենազվարճալի վրիպակ - «Ար» հեռուստաընկերություն
Ամենահետապնդող հարցում - «Գալա»
Ամենաշատ հյուրընկալված տաղավար- «Երկիրն այսօր»
Ֆեյսբուքյան ամենաակտիվ հետևող - Replik.am
Ամենաչափազանցված իրականություն - ArmComedy