Գաղտնիք չէ, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակված եւ նորանշանակ «օլիգարխների կառավարության» անդամների ներկայացրած հայտարարագրերին բնակչության մի ստվար զանգված թերահավատորեն է վերաբերում: Մարդիկ, թերևս, վստահ են, որ հայտարարագրերում հաճախ ձևական գրված տողեր են և իրականությունն այլ է` մանավանդ` քչերին կհամոզես, որ ՀՀ 13-րդ կառավարության բոլոր նախարարներն ու վարչապետը միասին ունեն 2 միլիարդ 246 միլիոն 624 հազար 425 ՀՀ դրամ, 5 միլիոն 463 հազար 281 ԱՄՆ դոլար, 490 հազար 171 Եվրո և 300 հազար ռուսական ռուբլի:
Ինչև` այսօր` նախարարներից մեկի`Հովհաննես Մանուկյանի մասին, ով, հիշեցնենք` մինչ նշանակումը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր, իսկ դրանից առաջ էլ` 2005-2008-ին, Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահը:
Հովհաննես Մանուկյանը հայտարարագրել է 490 հազար ԱՄՆ դոլար, 290 հազար Եվրո և 7 միլիոն դրամ. Հիշեցնենք, որ տվյալները բերվում են կամ պաշտոնը ստանձնելու պահին ներկայացված հայտարարագրերից, կամ` դրանց բացակայության դեպքում` 2013-ի տարեկան հայտարարագրերից:
Այս պահին նպատակ չունենք պարզել, թե ինչպես կարող էր նախկին դեսպանը նման գումար վաստակել իր չոր աշխատավարձով, այլ ներկայացնել Հովհաննես Մանուկյանի եկամուտների այլ աղբյուրը, որը Երևանի Դեմիրճյան փողոցում նշված առանձնատունն է:
Asekose.am-ի տեղեկություններով` Դեմիրճյան 62 հասցեում գտնվող իր առանձնատունը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն արդեն մի քանի տարի վարձակալության է հանձնել ամերիկյան «Counterpart International» կազմակերպությանը, որը հայտնի է ինչպես Հայաստանում անցկացվող ընտրությունների ժամանակ իր ակտիվ դիտորդական առաքելությամբ, ընտրական գործընթացների վերաբերյալ` երբեմն հնչող քննադատությամբ ու կոշտ դիրքորոշմամբ, այնպես էլ` տարբեր դրամաշնորհների տրամադրմամբ:
Ուշագրավ, որ Հայաստանում հաճախ են քննադատվում գրանտերի շնորհիվ իրենց գործունեությունը ծավալող, իշխանություններին անխնա քննադատող, ընտրությունների ու քաղաքական այլ գործընթացների միջոցով աշխուժություն մտցնող կազմակերպությունները, սակայն տվյալ դեպքում` «գրանտատու» կազմակերպությունից լավագույնս, առաջին հերթին ու կայուն կերպով օգտվում է արդարադատության նախարարը` ըստ մոտավոր հաշվարկների` ամսական մոտ 5.500 ԱՄՆ դոլարի չափով:
Հարկ է նշել, որ արդարադատության նախարարն իր եկամուտներում նշել է, որ վարձակալության դիմաց ստանում է 26 միլիոն 136 հազար դրամ: