▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց ծանոթի ոչինչ չես կարող անել

Մի քանի օր առաջ ԲՀԿ առաջնորդն իր սեփական օգտագործման հեռուստաալիքին տվեց հարցազրույց, որը որոշ կայքերում վերնագրվեց «բացառիկ հարցազրույց»: Չեմ ուզում անդրադառնալ հարցազրույցում կարդացված խոսքերին. նման խոսքեր հա էլ լսում ենք ու արդեն նորություն չեն և նույնիսկ հոգնել ենք: Չեմ ուզում խոսել կառավարության նկատմամբ ԲՀԿ-ի լոյալության մասին. դա ակնհայտ է: Ծառուկյանը առանձնակի շեշտադրումով կարդաց մի արտահայտություն. «Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ»:

Հարցազրույցը նախապատրաստող խումբը հավանաբար դա համարում էր հենց այդ ներկայացվող տեքստի մեխը: Ինչևէ…
Իհարկե՛, համաձայն եմ: Որովհետև բարեկամությունն ազնիվ կատեգորիա է, մարդկային, վեհ, երկկողմանի պարտավորեցնող կատեգորիա, կամ ավելի շուտ զգացում: Իսկ քաղաքականությունը, ինձ թվում է, բոլորը գիտեն, թե ինչ է, և բացառությունները չհաշված, գիտենք՝ ովքեր են հիմնականում զբաղվում քաղաքականությամբ…Սակայն թե՛ քաղաքականությունը, թե՛ բարեկամությունը մեր օրերում, հայկական ներկա իրականությունում ենթարկվել են մուտացիայի և տառապում են «հայկական հիվանդությամբ», խնամի, ծանոթ, ընկեր հենքի վրա:
Հայաստանում բարեկամությունը ոչ միայն քաղաքական կատեգորիա է, այլ նաև քաղաքականության շարժիչ ուժն է, գեներատորը, նույնիսկ քաղաքականության փարոսը, ֆլյուգերը, ուղղության ցուցիչը: Եվ ամեն ինչը…

Հայաստանում արեգակն էլ, լուսինն էլ, գիշերն ու ցերեկն էլ, եղանակն էլ, մի խոսքով, ամեն ինչ ծանոթով է: Առանց ծանոթի ոչինչ չես կարող անել, ոչնչի չես հասնի, առանց ծանոթի դու ոչինչ ես…Բացառությամբ, եթե դու այդ պահին իրենց պետք ես:
Դիֆուզիայի օրենքով խառնված են պետական, քաղաքական, մասնավոր գործունեությունն ամբողջությամբ` խնամի, ծանոթ, ընկեր, բարեկամություն, հարազատից մինչև սիրուհի: Ներթափանցվել են, սերտաճել, շատ են խառնվել` առանց կատեգորիաների իմաստը հասկանալու: Չափից շատ…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին