«Արմենպրես»-ի թղթակիցը «Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանը ներկայացնող երգիչ, հումորիստ Արամ MP3-ի հետ, մրցույթին ընդառաջ, զրուցել է եվրատեսիլյան սպասելիքների և այլ թեմաների շուրջ:
Մեկ հատված հարցազրույցից.
-Եթե փորձեք մեկ նախադասությամբ բնորոշել , ապա` ինչ եք պատրաստվում անել Եվրոպան գերելու և Եվրատեսիլ-2015-ը Հայաստան բերելու համար:
- Առավելագույնը, ինչ ինձնից ակնկալվում է, որ խելքին մոտ է, ես կանեմ: Կլինեն շոու տարրեր, բեմական խաղ, շատ բաներ, որոնք տեսել եք, և` անգամ ավելին: Գուցե ես դուրս գամ բեմ մազերս ներկած, չգիտեմ, ես դրան էլ եմ պատրաստ:
-Նախորդ տարիներին Հայաստանի եվրատեսիլյան անցած ուղին վերլուծելիս, հետադարձ հայացք նետելով, ո՞րը կհամարեք «Եվրատեսիլ»-ում մեր երկրի ունեցած ամենահաջողված մասնակցությունը:
- Եթե ընդհանուր նայենք, ապա եղել են և՛ ճիշտ, և՛ սխալ կատարումներ: Ինձ համար լավ կատարումներից էր Հայկոյի կատարումը' շատ մաքուր և ճիշտ կատարում: Իսկ ամենակոմերցիոն և մարդկանց սրտին կպչող, հիթային տրամադրություն ստեղծողը Սիրուշոյի «Քելե-քելե»-ն էր, որը 2008 թվականին գրավեց 4-րդ հորիզոնականը: Կան բաներ, որոնք պետք է լինեն երգի մեջ, և կան բաներ, որոնք կարծում եմ, պետք է ընդհանրապես հանել: Երգն ընտրելիս շատ բան է պետք հաշվի առնել, առաջին հերթին այն, որ բացի Հայաստանի հայերից, Սփյուռքից, մրցույթը դիտում են շատ եվրոպացիներ, և երգը նաև նրանց համար պետք է լինի: Արտասահմանյան ունկնդիրը, բացի նրանից, որ պետք է իմանա Հայաստանի մասին երաժտության միջոցով, նաև իր ականջին էլ հարմար երաժշտություն պետք է լսի: Հենց այդտեղ է պրոցեսի բարդությունը: Կարծում եմ, այս մրցույթում ամենակարևորը շատ լավ ձայնային տվյալներ ունենալը չէ: Մենք տեսել ենք դեպքեր, երբ շատ լավ ձայնային տվյալներով մասնակիցները զբաղեցրել են շատ ցածր հորիզոնականներ: Գաղտնիքը հենց այդ երեք րոպեում ցույց տալն է, թե ով ես դու, քո կերպարը: Պետք է ունենալ խարիզմա, որով գրավես հեռուստադիտողին, որպեսզի քվեարկեն քո օգտին: Պետք է ցույց տաս այնպիսի շոու, որը հիշվի նաեւ քվեարկելիս: Մի քանի ենթակետեր կան, որոնցից բոլորի մասին պետք է մտածել միանշանակ: Երեք րոպեում պետք է մի մեծ աշխարհ տեղավորել ու կարողանալ հնարավորինս ցույց տալ երկիրը:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում