Ծաղկաձորում նախատեսվում է Radisson խմբի հյուրանոցային համալիր կառուցել։ Համալիրը գործելու է Radisson Hotel Group միջազգային բրենդի հավատարմագրված կառավարման ենթակայությամբ։ 15 հեկտար հողամասում հյուրանոցի կառուցումը նախաձեռնել է «Քեյջիէմ» ՍՊԸ-ն է, գրում է Հետքը:
«Հետք»-ն ուսումնասիրել է հյուրանոցի կառուցման ծրագրին առնչվող փաստաթղթերը և պարզել, որ կառուցապատվելիք հողամասը տարիներ առաջ ապօրինի սեփականաշնորհված անտառային հողերից մեկն է։ Ավելին, հողամասը ձեռք բերողների ցանկում է եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի նախկին ղեկավարը, ապա հողը փոխանցել է Աբրահամյանների հետ կապ ունեցող բիզնեսներից մեկի բաժնետիրոջը։
«Քեյջիէմ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքն այդ տարածքի նկատմամբ գրանցվել է 2023թ․ օգոստոսի 14-ին կնքված առքուվաճառքի տարաժամկետ վճարման պայմանագրի հիման վրա։ 2023 թ․-ին հիմնադրված ՍՊԸ-ի միակ բաժնետերը Թանգինե Տեր-Պողոսյանն է։ Ընկերության բաժնետոմսերը նրան է փոխանցվել Միքայել Կոնստանտինի Մանուկյանից։
Ինչպե՞ս է սեփականաշնորհվել 15 հա անտառապատ հողը
15 հեկտար հողամասը «Քեյջիէմ» ՍՊԸ-ին սեփականությունը դառնալուց առաջ պատկանել է Ռուզաննա Ասուլյանին, որը Միքայել Մանուկյանի հետ նույն հասցեում է հաշվառված (հավանաբար ընտանիքի անդամներ են): Հողամասը Ռուզաննա Ասուլյանը ձեռք է բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանից 2009 թ․-ին։ Ի դեպ, Ռուզաննա Ասուլյանը Հովիկ Աբրահամյանի մերձավորներից մեկի՝ Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի հետ համատեղ ընկերություն է ունեցել։
Վերը նշված և այլ անտառային հողերի ապօրինի սեփականաշնորհման մասին «Հետքը» գրել էր 2018 թ․-ին։ Ծաղկաձորի անտառներից ապօրինի սեփականաշնորհվել էր նաև կառուցապատվելիք 15 հա տարածքը։ Այսպես, 2007 թ․-ի հոկտեմբերին այդ ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է Կառավարության մի որոշում, որով Հրազդան համայնքին պատկանող 19.2 հա անտառային կատեգորիայի հողամասը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա։ Որոշմամբ անտառային հողերի կատեգորիան փոխվել է։ Այդ որոշումից ամիսներ անց 15 հեկտար հողամասը Հրազդան համայնքի ղեկավարը աճուրդով վաճառելուց առաջ որոշել է հողամասի գինը սահմանել կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով։
Հողամասը ձեռք բերած առաջին քաղաքացին այն փոխանցել է Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանին, որն էլ մեկ տարի անց՝ 2009 թ․-ին, հողամասը վաճառել է Ռուզաննա Ասուլյանին։ Ազգային ժողովի կողմից օրենսդրական փոփոխությունից հետո 15 հեկտար հողամասը Հրազդան համայնքի տարածքից հանվել և փոխադրվել է Ծաղկաձոր համայնքի տարածք։ Ծաղկաձորում անշարժ գույքի գինը գրեթե հավասար է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի գնին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: