▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անպայման պետք է ունենամ ամուսին և մի քանի բալիկ, իմ երեխան մենակ չպետք է մեծանա այս աշխարհում. Անժելա Սարգսյան

Life.panorama.am-ը գրում է. Դժվարություններիդ մասին կարողանում ես խոսել միայն այն ժամանակ, երբ հաղթահարում ես դրանք: Life.panorama.am-ի այսօրվա հյուրը Անժելա Սարգսյանն է, ում համար արդեն անցյալում են կյանքի անգույն էջերը: Գրեթե երկու տարի անց դերասանուհին անկեղծացավ այն ամենի շուրջ, ինչ մինչ այս ցավ էր պատճառում ու մեկուսացնում իրեն: Հաղթահարելու համար ուժ է տվել կյանքի ամենալուսավոր էջը՝ դստրիկը, ում համար յուրաքանչյուր ծնող պատրաստ է զոհաբերության:

-Կարծեք թե ստեղծագործական դադարից վերադարձել եք, այո՞:

-Ճիշտն ասած՝ երբեք ստեղծագործական դադարում չեմ եղել, միշտ աշխատել եմ թատրոնում: Իսկ եթե խոսքը վերաբերում է սերիալներին և ֆիլմերին, ասեմ, որ միշտ էլ առաջարկներ ունեցել եմ, սակայն մերժել եմ, քանի որ ինձ համապատասխան դերեր չեն եղել:

-Անժելա, գումարը որքանո՞վ է կարևոր դերասանի համար:

-Գումարը, բնականաբար, կարևոր է, բայց ստեղծագործող մարդու համար այն չի կարող առաջին տեղում լինել: Իհարկե, անհրաժեշտություն է: Բոլորս էլ ունենք կենցաղ, կարիքներ, առավել ևս ես, որ միայնակ կին եմ, երեխա եմ մեծացնում և ձագուկիս հոգ տանելու անհրաժեշտություն ունեմ: Նայում եմ գումարի չափսին, բայց այդ լավ գումարը նախապայման չէ, որ համաձայնեմ նկարահանվել կամ խաղալ ներկայացման մեջ: Եթե դա ինձ ոչինչ չի տալու, հոգուս ու սրտիս համահունչ չէ, ապա կարող եմ անտեսել ֆինանսը:

-Այս մեկ-երկու տարիների ընթացքում միայն թատրոնում եք աշխատել: Բոլորս էլ գիտենք, որ դերասանի եկամուտը, մեծամասամբ, ֆիլմերից ու սերիալներից է առաջանում: Դուք կին եք, ով միայնակ է մեծացնում իր աղջնակին: Այդ կենցաղային, ֆինանսական դժվարություններն ինչպե՞ս եք հաղթահարել:

-Չեմ ամաչի այդ մասին խոսել և կասեմ, որ եղել են նույնիսկ պահեր, որ ընկերներս են օգնել, քանի որ լրիվ «չորություն» է եղել: Բայց արդեն երեք մասնագիտություն ունեմ, նաև ուղեղ՝ որով կարողանում եմ գումար աշխատել:

-Երբևէ մտածե՞լ եք Հայաստանից դուրս աշխատելու կամ ապրելու մասին:

-Միայն աշխարհագրական դիրքից ելնելով՝ կապրեի մեկ այլ վայրում. ես անչափ շատ եմ սիրում ծով և արև: Եթե երբևէ նմանատիպ ընտրություն կատարեմ, ապա միայն ու միայն ծովի և արևի պատճառով (ծիծաղում է): Իսկ աշխատանքի առումով, եթե հետաքրքիր առաջարկ լինի՝ ինչո՞ւ ոչ, կգնամ: Ես շատ եմ սիրում իմ երկիրը, բայց սիրում եմ նաև այն աշխատանքը, որը կատարում եմ: Հայաստանը շատ փոքր դաշտ է, և իմ մասնագիտությունների տեսանկյունից հաստատ ամենանպաստավոր վայրը չէ: Բայց մեր երկրում ապահով է: Յուրաքանչյուր դրսում գտնվող մարդ կփաստի, որ այստեղ մեր երեխաները ապահով են մեծանում, չունենք համատարած խնդիր մոլագարների և խելագարների հետ: Այն, որ կարող ենք երեկոյան ուշ ժամի դրսում զբոսնել ու չվախենալ, արդեն իսկ մեծ առավելություն է: Այստեղ մնալուս որոշման պատճառներից մեկը հենց երեխայիս օգտին է: Իհարկե, դրսում կրթության մակարդակն ու հնարավորություններն այլ են, ու տա Աստված, որ տարիներ հետո կարողանամ նրան ուղարկել՝ սովորելու, բայց հիմա այն շրջանն է, որ պետք է մայր հողում մարդ ձևավորվի:

-Գաղտնի չէ, որ մի շրջան հիասթափություն էիք ապրել ընկերներից, կոլեգաներից: Կարողացա՞ք մոռանալ ու շրջանցել այդ հիասթափությունները:

-Հիասթափությունս բավականին մեծ է, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ շատ բան հասկացա: Իհարկե, կյանքի դաս անցնելու համար մեծ գին վճարեցի, խորապես ցավ ապրեցի: Ցավը միայն այն չէր, որ մի ամբողջ հասարակություն  «տրորեց» ու անցավ, կանգնեց մի մարդու դեմ, ով անպաշտպան էր, կողքին ոչ-ոք չուներ: Արդեն իսկ բաժանությունը, միայնակ մայր լինելն ու երեխա մեծացնելը մեծ խնդիր է: Իսկ երբ դրան գումարվում է նաև մարդկանց՝ քեզանից  «երես շրջելը», մեկ հոգու համար բավականին մեծ ցավ էր: Փառք Աստծո, ես ոտքի եմ կանգնել, հզորացել եմ, ուժով եմ լցվել: Այլ տարբերակ չունեի, քանի որ ունեմ մի գանձ, ում համար պատասխանատու եմ ու պարտավոր եմ իրեն մեծացնել:

-Իսկապես, բավական բարդ, կյանքի տհաճ էտապ անցաք: Բացի փոքրիկի նկատմամբ պատասխանատվությունը, ի՞նչը Ձեզ օգնեց ոտքի կանգնել:

-Նախ՝ հավատն առ Աստված, նաև՝ ծնողներիս աջակցությունը: Ուղղակի չեմ կարող բացատրել, թե այդ մարդիկ ինձ համար ինչեր արեցին: Հայրս ահավոր «թասիբով», իր պատվի համար «մեռած» մարդ է, բայց ոչ մի անգամ ինձ չմեղադրեց: Լուռ կողքիս կանգնելով՝ աջակից եղավ, որ կարողանամ ոտքի կանգնել: Ծնողներս ինձ նաև ֆինանսապես են շատ օգնել:

-Իսկ երեխայի հայրը ֆինանսապես օգնո՞ւմ է:

-Գիտեք, խնդիրները ոչ միայն իմ, այլ նաև՝ իր գլխին թափվեցին: Այս հասարակության մեջ կանգնել  «ընկածի» կողքին՝ այնքան էլ հեշտ բան չէ: Երբեմն, մարդիկ այնքան դաժան ու անհասկացող են լինում, որ  «ընկածին» կարող են տրորել ու անցնել՝ առանց հասկանալու, որ իրենց մեկ խոսքը, մեկ մեկնաբանությունը կարող է ինչ-որ մեկին կյանք արժենալ: Իսկ Ղազարն իմ ամենալավ ընկերներից մեկն է, ով իմ ցավը ինձ հետ կիսեց: Ինքն էլ ֆինանսապես այս ամենից տուժեց, աշխատավայրում խնդիրներ ունեցավ: Իհարկե, հիմա շտկվել է, ամեն ինչ նորմալ է: Բայց իր համար էլ շատ դժվար էտապ էր, հավանաբար՝ ավելի դժվար, քան իմ:

-Արդեն կարելի՞ է ամեն ինչ անցյալում համարել:

-Իհարկե,  կարելի է:  Եթե ես հաղթահարած չլինեի այս ամենը, չէի կարող խոսել այս մասին: Ես միշտ իմ աղոթքներում հարցնում եմ՝ ինչի՞ համար ես անցա այս ամենի միջով: Հետո հասկացա՝ ինչի համար. ես հիմա կարող եմ օգնել այն մարդկանց, ովքեր ինձ պես հասարակության կողմից մերժված, ստորացված ու նվաստացված են եղել, ովքեր ինձ պես դժվար բաժանություն են ունեցել, կանգնել են ինքնասպանության եզրին, բռնության են ենթարկվել: Հիմա հասկանում եմ արդեն ինչի համար անցա, որովհետև կարողանում եմ նաև կողքիս գտնվող մարդկանց օգնել: Ես ունեմ պատասխանն ու ելքը այն դժվարությունների, որոնցում ինքս եմ եղել:

-Անժելա, որքան էլ գործնական խնդիրներ չկա, ամեն ինչ հունի մեջ է ընկել, բայց երջանիկ կին լինելու համար կողակից է պետք: Չե՞ք մտածում այդ մասին:

-Միանշանակ, մարդը միայնակ անլիարժեք է, պետք է ունենա ընտանիք: Հետևաբար, ես արդեն մտածում եմ ընտանիքի մասին: Ինքս էլ այլ կյանքի սովոր չեմ: 10 տարի իմ անձնական ընտանիքն եմ ունեցել, ապրել ընտանեկան կյանքով: Ամուսնացել եմ շատ վաղ հասակում՝ 19 տարեկանում: Ես ինձ այլ կերպարում կյանքում չեմ պատկերացնում: Անպայման պետք է ունենամ ամուսին և մի քանի բալիկ՝ պարտադիր: Իմ երեխան մենակ չպետք է մեծանա այս աշխարհում:  

-Քանի որ Ձեր ամուսնու հետ լավ ընկերներ եք, միգուցե Ձեր ընտանիքը վերամիավորվի՞;

-Մենք լավ ընկերներ ենք, բայց այլևս չենք կարող լինել լավ ամուսիններ: Նա հրաշալի մարդ է, մեծ սեր եմ ապրել իր հետ, հրաշք աղջիկ եմ ունեցել, բայց մենք շատ տարբեր ենք:

-Անժելա, այս դժվարություններից, բնականաբար, անմասն չի մնացել նաև Ձեր բալիկը: Ծնողների բաժանությունն արդեն իսկ մեծ սթրես կարող է լինել: Երեխան այս ամենն ինչպե՞ս տարավ:

-Ասեմ, որ բոլոր այս խոսակցություններից իրեն զերծ ենք պահել, միայն շատ դժվար բաժանություն տեսավ: Նա դեռ փոքրիկ է, շատ բաներ չի հասկանում: Նույնիսկ, եթե լսի, չի հասկանա: Ես իրեն այնպիսի միջավայրում եմ պահում, որտեղ լավ համախոհներ ունեմ՝ ուսուցչուհին, տնօրենը, դասընկերներն ու նրանց ծնողները: Իր ծնողներն էլ իր ներկայությամբ երբեք չեն վիճում: Հասուն մարդ ենք, ու, որքան էլ բաժանություն կա, խոհեմ ենք վարվում ու փորձում ամեն ինչ անել, որ երեխան չտուժի: Մեր «ես»-ը մի կողմ ենք դնում ու ամեն ինչ երեխայի օգտին անում: Երջանիկ եմ, որ Եվան նմանատիպ հայր ունի: Շատ եմ տեսել, որ զույգերը բաժանվելիս երեխային օգտագործել են միմյանցից վրեժ լուծելու համար, թիրախ են սարքել: Չի կարելի: Երեխան, եթե անգամ բաժանված ծնողներով, բայց պետք է մեծանա սիրո մեջ, չտեսնի վեճեր, վիրավորանքներ, լաց: Պետք է մարդն այնքան ուժ ունենա, որ այդ ամենից վեր կանգնի: Մանկական տրավմաներն են հետո մեր գիտակցական կյանքը ձևավորում: Տա Աստված, սա երբեք իր կյանքի վրա ազդեցություն չունենա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին