Գյումրու քաղաքապետարանը ծրագրում է Վարդանանց հրապարակի շատրվանը գունաերանգային շատրվանի վերափոխելու շինարարական-վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Հունիսի 12-ին կայանալիք Գյումրու Ավագանու հերթական նիստում քաղաքապետարանն ավագանու անդամներին առաջարկելու է՝ թույլատրել աշխատանքների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգի կիրառմամբ` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
Այս որոշման մասին կարդալիս միանգամից հարց է ծագում, թե արդյոք այդքան հրատապ խնդիրների առջև կանգնած քաղաքում առաջնային է հենց այս շատրվանի վրա գումար ծախսելը:
Այս առումով Գյումրու ավագանու անդամ,Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ շատրվանի խնդիրը բնավ հրատապ չէ:
«Քաղաքն առնվազն 3 մեծ օրախնդիր ունի` անօթևանություն, գործազրկություն, 40 և ավելի տոկոս աղքատություն, նաև փողոցների 80 տոկոս քարուքանդ վիճակ և այս պայմաններում գունաերանգային շատրվանի վերանորոգումը պարզապես շռայլություն է»,-կարծում է ավագանու անդամը:
Բարսեղյանն ընդգծում է, որ նույն խնդիրը վերաձևում է նաև Հայաստանի մյուս քաղաքների մասշտաբներով:
«Կառավարությունը փողեր է ծախսում է այնպիսի բաների վրա, որոնք բոլորովին անհրաժեշտ չեն և Գյումրու շատրվանն այս ֆոնին փոքրիկ տեղական օրինակ է: Երևանում էլ մի քանի տասնյակ միլիարդ դրամ է ծախսվել փողոցների վերաասֆալտապատման համար, ինչը բոլորովին անհրաժեշտ չէր»: