Սիրելի հայրենակիցներ, հայոց բանակի սիրելի զինվորներ, շնորհավորում եմ հայոց բանակի 22-ամյակի առիթով: Այս երկու տասնամյակների ընթացքում արցախյան գոյամարտի կորուստներով և մեր երկրի բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրներով հանդերձ, մեր բանակը այսօր կայացած է և, հանձինս մեր հայ զինվորների, ունենք հայրենիքի իսկական պաշտպաններ:
Սակայն իսկական զինվորը ծնվում է օրորոցում, դաստիարակվում ընտանիքում և դպրոցում, ուստի շատ կարևոր է, որ երկրում ունենանք այնպիսի չափանիշներ, որոնցով տարիներ շարունակ հոգեպես կամրանան մեր երիտասարդները, քանզի մարտի դաշտում զինվորի համար մեկ զենքը իր ամուր ոգին է:
Այսօր առավել քան հարկավոր է սիրել և փայփայել մեր այս փխրուն հայրենիքը և հայրենակիցներին, քանզի հայրենիքը իմաստավորվում է ոչ միայն տարածքների շնորհիվ, այլ հայի տեսակի, ուստի հարկավոր է սիրել և գնահատել միմյանց:
Շնորհավորում եմ բոլոր զինվորներին, համակարգի նվիրյալ զինվորականներին, զինվորների մայրերին և մեր ազատամարտիկներին, որոնց շնորհիվ այսօր կարող ենք շարունակել մեր ուղին, բոլորին քաջ առողջություն և բարեկեցություն եմ մաղթում: