▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհամաձայնությունը վերաբերում է ոչ թե Կիմ Երիցյանի արձանի լինել–չլինելուն, այլ ձևաչափին

 

Օրերս «Կիմ Երիցյան» մշակութային հ/կ–ի նախագահ Լևոն Բարսեղյանը հանդես էր եկել Երևանի քաղաքապետին ուղղված բաց նամակով, ուր վերջինս իր դժգոհությունն էր հայտնել, թե իբր Երևանի  քաղաքապետարանը մերժել է իրենց նախաձեռնությունը՝ Կիմ Երիցյանի արձանը Երևանի կենտրոնում տեղադրելու վերաբերյալ։ Սակայն, իրականությունը միանգամայն այլ է։      «Կիմ Երիցյան» մշակութային հ/կ–ի նախագահը երկու տարի շարունակ այդ առաջարկով դիմում է Երևանի քաղաքապետին։  Հ/կ–ի նախաձեռնությունն, անկասկած, արժանի է գովեստի, սակայն միայն էմոցիաներով հարցերը չեն լուծվում։ Հուշարձանների տեղադրման համար սահմանված է որոշակի կարգ, համաձայն որի քաղաքապետին ներկայացված առաջարկը և դրա վերաբերյալ էսքիզներն ու մանրակերտը նախ և առաջ պետք է քննարկվեն Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից՝ թե գաղափարի, և թե գեղագիտական  լուծումների   տեսակետից։ Հանձնաժողովի հավանությանը արժանանալուց հետո, հարցը ներկայացվում է Երևանի ավագանու քննարկմանը։ Տվյալ դեպքում հանձնաժողովի անհամաձայնությունը վերաբերում է ոչ թե  արձանի լինել–չլինելուն, այլ նրա ձևաչափին, ինչի մասին բազմիցս ասվել է դիմողին։

Ղեկավարվելով առողջ բանականությամբ և սթափ մտքով, հանձնաժողովը ելակետ է ընդունում այն համոզմունքը, որ անհրաժեշտ է առաջնորդվել արժեքների որոշակի չափորոշիչներով և գործել բացառապես հայ ազգի արժեհամակարգին համապատասխան։ Սակայն հ/կ–ի նախագահի համար ըմբռնելի չէ այդ մոտեցումը։ Խիստ կարևորելով իր կողմից  հուշարձանի ֆինանսավորման հարցը, նա չի ընդունում այն ճշմարտությունը, որ մենք ունեցել ենք հայ թատրոնի և կինոյի հանճարեղ և բազմաթիվ տաղանդավոր դերասաններ, ինչպիսիք են օրինակ Հասմիկը, Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը, Օլգա Գուլազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Արուս Ոսկանյանը,  Ավետ Ավետիսյանը, Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ղափլանյանը, Հենրիկ Մալյանը, Բաբկեն  Ներսիսյանը, Արման Կոտիկյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Ֆրունզե Դովլաթյանը, էդգար էլբակյանը, Կարպ Խաչվանքյանը, Արմեն Խոստիկյանը, Վլադիմիր Մսրյանը,Վլադիմիր Աբաջյանը, Գալյա Նովենցը և շատ այլոք, որոնց հուշարձանը կամ կիսանդրին կանգնեցված չէ Երևանում։

Մեծ հարգանք տածելով Կիմ Երիցյանի հիշատակի հանդեպ, հանձնաժողովն այնուամենայնիվ անթույլատրելի է համարում Երևանի կենտրոնում Կիմ Երիցյանի 1,5 ձևաչափով (≈3մ բարձրությամբ) արձանի տեղադրումը, ինչպես պնդում է հ/կ–ի նախագահը, և նպատակահարմար է գտնում սիրված դերասանի հիշատակը հավերժացնել հուշատախտակի, հուշասյան կամ կիսանդրու ձևաչափով։   

Միևնույն ժամանակ, առնվազն զարմանք է հարուցում այն հանգամանքը, որ դիմողը, ներկա գտնվելով հանձնաժողովի վերջին քննարկմանն ու լսելով մասնագետների ելույթները և կարծիքները, այնուհանդերձ ապատեղեկատվություն է տարածել, շեշտելով, թե առաջարկը մերժվել է հանձնաժողովի նախագահ Լևոն Իգիթյանի կողմից։ Մինչդեռ Լևոն Իգիթյանը, համակարծիք լինելով հանձնաժողովի մյուս անդամների հետ և ամփոփելով ելույթները, որպես հանձնաժողովի նախագահ, դիմողին հայտնել է հանձնաժողովի ընդհանրական տեսակետը:

 

 

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ             

ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին