Հայտնի է դարձել, որ երևանյան 80's Pub ակումբում ցուցադրվելու է դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի աղմկահարույց «Նիմֆոմանուհին» ֆիլմը:
«Ինչպես առաջին անգամ, այնպես էլ հիմա, կարծում եմ, որ բողոքի ալիքը լիովին անհիմն է։ Ես շատ պարզ եմ պատկերացնում այս իրավիճակը. ուզում ես դիտել՝ դիտիր, չես ուզում, խնդրեմ` մի դիտիր։ Չեմ կարծում, որ հասարակության մի մասը իրավունք ունի մյուս մասին թույլ տալ կամ պարտադրել ինչ որ գործողություններ»,-Asekose.am-ÇÝ Ýßեց 80's Pub ակումբի սեփականատեր Էդգար Բարսեղյանը` պատասխանելով հարցին,թե մտավախություն չունի, որ ֆիլմի ցուցադրման հետ կապված բողոքի ալիքն այս անգամ կուղղվի իրենց կողմը: «Կարծում եմ, որ թույլատրող ու արգելող միակ ինստիտուտը երկրում պետք է լինի օրենքը։ Բարոյականության հետ այս աղմուկն ընդհանրապես կապ չունի, քանի որ չեմ կարծում, որ առանց ֆիլմը դիտելու (հիշեցնեմ, քննադատողներն այն չեն տեսել) հնարավոր է կարծիք կազմել դրա արվեստ լինելու կամ չլինելու մասին։ Ավելին. բազմաթիվ աշխարհահռչակ կինոքննադատներ իրենց դրական կարծիքն արդեն հայտնել են ֆիլմի վերաբերյալ։ Մենք ընդամենը հնարավորություն ենք տալիս դիտել ցանկացող մարդկանց, որ գան, միասին դիտեն, քննարկեն, վայելեն արվեստը։ Այդ ամենն էլ է կինոյի մշակույթի մի մասը կազմում։ Նշեմ նաև, որ ֆիլմը ցուցադրվելու է տարիքային սահմանափակմամբ։ Այնպես որ, ավելորդ եմ համարում ցանկացած քննադատություն, մանավանդ ուղղված մասնավոր բիզնեսին»,-նշեց Էդգար Բարսեղյանը։
Ավելացնենք, որ ֆիլմի ցուցադրման ժամանակ մուտքը 80's Pub ակումբ լինելու է անձնագրերով, ցուցադրությունն` անվճար ու փակ. ֆիլմի առաջին մասի ցուցադրությունը տեղի կունենա մարտի 10-ին, իսկ 2-րդինը` մարտի 12-ին:
Հիշեցնենք, որ «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնն մեկ ամիս առաջ հայտարարեց «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրման մասին, սակայն հետո հրաժարվեց այն ցուցադրել` պատճառաբանելով, թե «Որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ»: