Հայաստանում առաջին անգամ կազմակերպվում է <<ԱպիԱրմենիա 2014>> ամենամյա մեղվապահական համահայկական համագումար-փառատոնը, որը տեղի կունենա 2014 թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը` Հանքավանի <<Խոտորջուր>> առողջարանում:
Այս իրադարձությունն ամենամյա բնույթ է կրում արտասահմանյան մի շարք երկրներում, իսկ Հայաստանում այն կմեկնարկի 2014 թվականից:
Սա բացառիկ երևույթ է, որը Հանքավանում է հավաքելու փորձառու մեղվաբույծների, վերամշակող, արտադրող կազմակերպությունների, ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Իրանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից:
Այս 3 օգտակար օրերի ընթացքում Համագումար-փառատոնը մասնակիցներին հնարավորություն կտա ներկա գտնվել բացման հանդիսավոր արարողությանը, որը կուղեկցվի ազգային երգ ու պարով, հումորով և դիտարժան շոու ծրագրով, ինչպես նաև ներկա գտնվել սեմինարներին, ավելացնել գիտելիքներ, կատարել փորձի փոխանակում, ծանոթանալ Հայաստանում և վերոնշյալ պետություններում գործող կազմակերպություններին և նրանց արտադրանքին, ծանոթանալ մեղվամթերքների` օրգանական և ոչ օրգանական արտադրության ճիշտ ձևերին համապատասխան ձեռնարկների օգնությամբ, որը գիտելիք է դեպի Եվրոպա արտահանման պանանջների համար:
Մեղվաբույծները , ներկայացնելով իրենց մեղրը, կարող են մասնակցել մեղրի մրցույթին, որի հաղթողներին կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր և մեդալներ, նաև կպարգևատրվեն հովանավոր ընկերությունների կողմից ապրանքային տեսքով:
Հաղթող մեղվաբույծներին կտրվի հնարավորություն առաջինը հենց իրենց մեղրը մթերելու՝ Եվրոպա արտահանելու նպատակով:
Համագումար-փառատոնի ընթացքում կներկայացվեն զեկույցներ մեղվապահության արդի խնդիրների և դրանց լուծումների , ապիթերապիայի, մեղվի կենսագործունեության , մեղվապահության զարգացման և այլ թեմաներով:
Իսկ <<Մեղվի պաշտպանության>> համաշխարհային օրը՝ սեպտեմբերի 14-ին, տեղի կունենա միջոցառում նվիրված այդ օրվան:
Ի դեպ այս քաղցր երևույթը լուսաբանելու համար մեծ սիրով հրավիրում ենք նաև բոլոր լրատվամիջոցներին:
Տեղեկատվության աղբյուր՝ <<Մեղվի Քաղաք>> Մեղվաբուծական Տնտեսություն, ի դեմս՝ նախագահ Արտյոմ Միքայելյանի: