«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանն, այո, չպիտի դառնա անցած դարի Լիբանան, որտեղ զանազան զինված խմբեր փորձում էին իրենց քաղաքական խնդիրները լուծել զենքի ուժով (1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ)։ Նրանք, ովքեր դաստիարակվել են այդ ավանդույթներով, պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Հայաստանում պարտավոր են ապրել բոլորովին այլ մտածողությամբ եւ այլ կանոններով։ Հայաստանը չպիտի դառնա նաեւ Հյուսիսային Կորեա կամ Ուզբեկստան, որտեղ բացի իշխանության հանդեպ «երջանկության» եւ «երախտագիտության» զզացմունքներից՝ որեւէ այլ զզացմունք հնարավոր չէ արտահայտել։
Բայց, ճիշտն ասած, ես այդ երկու վտանգներին զուգահեռ տեսնում եմ ավելի կարեւոր վտանգ՝ որ Հայաստանը դառնա Կրասնոդարի երկրամասի մաս։
Ինձ թվում է՝ միակ բանը, որի համար Հայաստանի հասարակությունն ու քաղաքական ուժերը պիտի պայքարեն, Հայաստանի ինքնիշխանությունն է: Մնացածն ածանցյալ է: Եթե առաջիկա ամիսներին քաղաքական ուժերը մրցեն, թե ով է ավելի լավ ծառայելու կրեմլրին, այդ պայքարն ի սկզբանե անհաջողության կմատնվի անկախ նրանից, թե ուժերի ինչ հարաբերակցություն կլինի նոր խորհրդարանում:
Ասել՝ «մենք դեմ ենք ավտորիտարիզմին, կամայականություններին, կոռուպցիային, կողմ ենք ժողովրդավարությանը, անկախ դատական համակարգին եւ արդար ընտրություններին»՝ ավելացնելով նաեւ, որ կողմ են Հայաստանի ներկայիս կարգավիճակին, ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին՝ ես այստեղ, ճիշտն ասած, որոշակի հակասություն եմ տեսնում: Դա, ըստ էության, հակասություն է ներկայիս Հայաստանի քաղաքական վերնախավի վառ արտահայտված «հետխորհրդային» բնույթի եւ այսօրվա իրականության միջեւ:
25 տարում Հայաստանի էլեկտորատը փոխվել է, երիտասարդները չեն տեսել Սովետը եւ չունեն դրա մասին «քաղցր հուշեր»։ Նրանք տեսնում են, որ Արցախի հարցում Ռուսաստանն ունի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում, որն արտահայտվում է թե՛ քաղաքական, եւ թե՛ ռազմական ոլորտում։ Նրանք տեսնում են Ռուսաստանի համոզմունքը, որ ինչ էլ անեն մեր գլխին, միեւնույն է՝ Հայաստանը «նրանց գրպանում է»։ Նրանք տեսնում են նաեւ ռուսաստանյան վերնախավի ամբարտավան կեցվածքը, որը հիմնված է այդ համոզման վրա։ Նրանք չեն հավատում, որ այդ երկիրը մեր անվտանգության երաշխավորն է։ Վերջապես՝ նրանք, հավանաբար, նկատած կլինեն, որ Ռուսաստանի որոշ շրջանակներ ակնհայտորեն ցանկանում էին, որ «Սասնա ծռերի» խնդիրը լուծվեր մեծ արյունահեղությամբ։
Առաջիկայում, կարծում եմ, հատկապես երիտասարդների մոտ հաջողություն կունենա այն ընդդիմադիր քաղաքական ուժը, որը կբարձրացնի այս բոլոր խնդիրները: Կբարձրացնի լուրջ, սոլիդ, առանց ճվճվալու, առանց արկածախնդրության եւ ծայրահեղությունների:
...Այո, Ժիրինովսկին ծաղրածու է։ Բայց Ելցինն էլ ժամանակին ասել էր ՝ «Никуда не денутся»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում