«Սա Բելառուսի կողմից աննախադեպ որոշում էր, և մեր քայլերը շատ ավելի կոշտ պետք է լինեն: Եվ, որպեսզի այս դեպքը չկրկնվի, նրանք, ովքեր տարբեր երկրներում ունեն հասարակական-քաղաքական գործիչ ընկերներ, ովքեր մտահոգված են ազատ խոսքով, կոչ եմ անեմ, որպեսզի գան Հայաստան, այցելեն Արցախ: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Ադրբեջանի կազմած «սև ցուցակ»-ում նրանց թիվը շատ լինի, ու այլևս նման անօրինական, անարդար քայլերը չլինեն: Հո ամբողջ աշխարհին «սև ցուցակ» չե՞ն գցելու»,-նման տեսակետ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Հիշեցնենք, որ երեկ Բելառուսը Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Ավելի վաղ Բելառուսի գերագույն դատարանը մերժել էր բլոգերի բողոքը՝ այդպիսով ուժի մեջ թողնելով նրան Ադրբեջանին հանձնելու մասին՝ ավելի վաղ կայացված որոշումները: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող Լապշինը բողոք էր ներկայացրել ընդդեմ դատախազության որոշման:
Ալեքսանդր Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, ամիսներ առաջ էլ քննադատել է Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել: Ադրբեջանում նրան մեղադրանքներ են ներկայացվել մի քանի հոդվածներով, ըստ որոնց, Լապշինին 5 տարվա ազատազրկում է սպառնում:
Անի Կարապետյան