▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԿԱՆԱԿԻՏ ԵՐԳԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ. Հայկ Մխոյան

Նրա երգը լսելիս, հոգետանջ ու անուշ մի կարոտ է արթնանում քո մեջ՝ Էրգրի կարոտ, որն անթեղված է հայ մարդու հոգում, որտեղ էլ որ նա հանգրվանած լինի: Եվ այդ երգը քեզ առնում-տանում է Մուշ ու Սասուն, Կարս ու Արդահան, թևավորված սիրտդ ծածանում Մասիսների, Անդոկա լեռան ու Սիփան սարի երկնահաս կատարներին: Ասել է, թե երգը զորություն ունի և այն թևավորելու համար զորավոր ձայն, անխառն զգացողություն ու առինքնող մատուցում է անհրաժեշտ: Հայկ Մխոյանը այդ շնորհներով շռայլորեն օժտված երգիչ է, մշեցի իր ապուպապերի զուլալ ակունքներից բխող ինքնատիպ ձայն: Տակավին մեկ տասնամյակ առաջ երգարվեստի խստապահանջ մարդիկ ու երաժշտագետները արդեն իսկ նկատել էին, որ երգի խտաբնակ աշխարհ է մուտք գործում տաշիրյան միջավայրում ծնունդ առած մի պատանի, որն առանձնահատուկ ուշադրության ու սրտացավ հոգածության է արժանի: Այս առումով հիշատակելի է ճանաչված արվեստաբան Թամար Հովաննիսյանի ժամանակին ասած անկեղծ ու հիացական խոսքը. « Ինձ ասացին՝ առանց Հայկի երգը լսելու Երևան վերադառնալն անարդար է, - գրում է Տաշիրում « Յանա » երաժշտական վարժարանի սաների համերգին ներկա երաժշտագետը ու շարունակում. – Քիչ անց առիթ ստեղծվեց ծանոթանալու: Եվ, իսկապես, Հայկ Մխոյանի մասին արժի առանձին խոսք ասել... Տոհմիկ մշեցու ժառանգ, իր Երվանդ պապից մանկուց լսել է Էրգրի զմայլելի երգը: Հայկի համար դրանք դարձել են ինքնատիպ, վառ ու գունեղ, անփոխարինելի մի աշխարհ: « Մեր աղբրից պաղ ջուր բերեք, սիրտս մնաց կարոտով » , - այնպիսի մաքրամաքուր ձայն-երանգով է երգում, այնպիսի հայրենաբաղձ կարոտով է հնչեցնում Մշո ելևէջները, որ, ակամա, հավատում ես՝ քանի դեռ այս երկրում կա այսպիսի սերունդ՝ ամեն ինչ լավ է լինելու... Եվ պատեհ առիթով տեղին է բարերարների ուշադրությանն արժանացնել այս պատանուն: ...Տաշիրցի պատանի երգիչ Հայկ Մխոյանը աստվածատուր այն տաղանդներից մեկն է, որին ասպարեզ դուրս գալու համար սատար կանգնողները հուսախաբ չեն լինի... »:
Հենց այսպես, առանց չափազանցությունների, առանց այլևայլության: Եվ ժամանակի հետ տաղանդավոր պատանին ընթացավ ինքնակայացման ու ինքնահաստատումի դժվարին ճանապարհով՝ ուսանելով մայրաքաղաքի՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Իսկ համերգային անդրանիկ փորձությունը հեռավոր Կրասնոյարսկում էր՝ ազգային, աշուղական ու ժողովրդական երգերի կարոտ հայ համայնքի, նաև օտար հանդիսականի համար: Հաջողությունն ակնհայտ էր, օվացիան՝ անպակաս: Ժամանակն էր ներկայանալու նաև իրեն կարոտած հայրենի եզերքում: Եվ ներկայացավ՝ հուզմունք, ուրախություն ու հպարտություն պարգևելով իր հող ու ջրի հազարավոր մարդկանց, իր երկրպագուներին: Ապա վստահաբար մասնակցեց « Մեկ ազգ, մեկ մշակույթ » համահայկական փառատոնին: Արդյունքում՝ պատվաբեր դիպլոմ: Իսկ հետո համերգային նոր շրջագայություններ նախ Խարկովում, այնուհետև իրեն այնպես սիրով ընդունած նույն Կրասնոյարսկ քաղաքում:
Շնորհառատ, ինքնաբուխ ու ճանաչված երգչով հպարտանալու իրավունք ունեն ոչ միայն Տաշիր աշխարհի իր հայրենակիցները, այլև բոլոր նրանք, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել Հայկ Մխոյան սքանչելի երգչի ուսումնառության ու կայացման ճանապարհին: Եվ նրանցից շատերը անթաքույց հրճվանքով են արտահայտվում Հայկի մարդկային համեստ նկարագրի ու անզուգական կատարումների մասին: Իսկ արտահայտվողները բնավ էլ պատահական մարդիկ չեն: Նրանք հայ երգի խորագիտակ ու վաստակաշեն արվեստագետներ են, իրենց գործի պրոֆեսիոնալներ: Ահա ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, սիրված երգիչ Թովմաս Պողոսյանի մտորումները. « ՈՒրախ եմ գնահատանքի և արժևորման խոսք ասելու Ջիվանու անվան աշուղական դպրոցի իմ նախկին սանի մասին: Դեռևս մեր դպրոցում ուսանելիս նկատելի էր այս բացառիկ գեղեցիկ զգացողությունը դեպի աշուղական արվեստը, դեպի ժողովրդական երգը, որը Հայկն իր մեջ ուներ: Եկավ եղածը ավելի ամրացնելու, խորամուխ լինելու այդ արվեստի ակունքների և պատմության մեջ, յուրացնելու դրա կատարման հնարանքները: Այս տարիներին նա իսկապես կայացավ՝ գրանցելով որոշակի ու լուրջ հաջողություններ: Այս ամենին գումարվում է նրա երգեցիկ զուլալ ձայնը: Ուրախ եմ իր հաջողությունների, ձեռքբերումների համար և հույս ունեմ, որ իրեն տրված բացառիկ ձգտումների, մղումների շնորհիվ մեծ նվաճումներ պիտի ունենա »:
Սա՝ հանրահայտ Թովմաս Պողոսյանը: Իսկ ինչպես է գնահատում երիտասարդ երգչին նույնքան վաստակաշատ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Արզաս Ոսկանյանը. « Հայկ Մխոյանը կոնսերվատորիայի վերջին տարիների շրջանավարտ սաների լավագույն ներկայացուցիչներից մեկն է: Վստահ եմ, որ շուտով Հայկը լինելու է անվանի երգիչ, կոնսերվատորիան ավարտած ու կիրթ երգիչ: Ես մեծ հավատամքով եմ սպասում այդ օրվան »:
Գնահատանքի այս խոսքերը պատահական չեն, ոչ էլ շռայլություն: Գնահատվում են ոչ թե արհեստածին, էժանագին ծափ- ծնծղա հնչեցնող, հարսանիքներում ու խնջույքներում խումհարացած քեֆչիների առաջ ծամածռություններ անող '' համբավավոր'' դարձած վայ երգիչները, այլ նրանք, ում արյան բաղադրության մեջ է երգի հմայքն ու կախարդանքը: Ով օժտված է ի ծնե և կոչված ծառայելու Ապոլոնին: Հայկ Մխոյանը այդ սակավաթիվ ընտրյալներից է՝ իր անձը խոնարհ համեստությամբ զարդարող, իր անհավակնոտ ու բարեկիրթ կերպարով: Եվ բնավ էլ ավելորդ չի լինի, եթե իր սրտի խոսքն ասի նաև նրա երգիչ, դասախոս Սամվել Գալստյանը. « Հայկ Մխոյանը, որպես երգիչ և ստեղծագործող, օժտված անհատականություն է: Նրա երգը սնուցվում է հայ ազգային երգի ակունքներից: Երգ, որը իրենց հետ բերել են նրա նախնիները Էրգրից: Երգ, որը հարիր է հայ երգչին: Ընկալելով նրա կատարումները, մտքով և հոգով կվերադառնաք ձեր ակունքներին, կլինեք նրա բազմաոճ երգերի ու մշակույթի աշխարհում...»:
Կարծես ամեն ինչ ասվեց առինքնող մեր երգչի մասին: Ավելացնենք, որ Հայկն այս օրերին նախապատրաստվում է բարեգործական համերգներով հանդես գալ այն օջախներում, որտեղ հանգրվանել և ապրում են ճակատագրով դատապարտված մարդիկ՝ ծերանոցներում և մանկատներում: Ուրախությամբ նշենք նաև, որ նրա երգացանկը առաջիկայում կհարստանա սքանչելի ևս մեկ երգով, որը նվիրված է իր հայրենի բնաշխարհին՝ Տաշիրին: Հուսանք, որ երգի և սքանչելի երգչի արժանիքները գնահատող բարեգործ անձինք կհրաշքվեն Հայկ Մխոյանի կողքին՝ ի փառս հայ մաքրամաքուր երգի թարմ ու նորոգ հնչեցման:


Հեղինակ`

Հակոբ Սրապյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին