▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աէրոֆլոտի ներկայացուցիչը կաշա՞ռք է պահանջել

Հարգելի խմբագրություն, ես Օվսաննա Պողոսյանն եմ:

Այս նամակով իմ վիրավորանքը, հիասթափությունն ու զայրույթն եմ հայտնում Երևանի օդանավակայանի աշխատակից Աէրոֆլոտի ներկայացուցիչ Հարություն Բալյանի պահվածքի վերաբերյալ: Մտքիս ծայրով անգամ չէր անցնի, որ հայրենիքիս Աէրոֆլոտում նման մեկը կաշխատի: Համոզված էի, որ շատ-շատ բան է փոխվել դեպի լավը, օրենքը գործում է, կարգ ու կանոն է հաստատվել: Բայց, ավաղ…

Արդեն 23 տարի է բնակվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում: Հանգամանքների բերումով  1 ամսով Հայաստանում էի։  Ինքս ինձ մեծ հայրենասեր եմ համարում, քանի որ սրտի մեծ ցավով եմ մեկնել հայրենիքիցս:

2013 թ. հոկտեմբերի 30-ին AEROFLOT SU 1867 (ժամը 8:10) Երևան-Մոսկվա-Լոս Անջելես  չվերթով պետք է մեկնեի: Ինչպես կարգն է, ժամանակին ներկայացա օդանավակայան: 2  ճամպրուկս` մեջը լիքը հայկական գրքեր` հայ ընտանիքներին նվիրելու համար, որ իրենց երեխաները հայերեն կարդան, որ մեր մայրենին օտարության մեջ չմոռանան, որպես ուղեբեռ հանձնեցի, իսկ մյուս 3-րդը պահեցի մոտս` որպես ձեռքի ուղեբեռ:

Բայց փաստաթղթերս ձևակերպելու նպատակով, երբ մոտեցա  Աերոֆլոտի ներկայացուցիչը Հայաստանում Հարություն Բալյանին, նա ասաց, որ ես չեմ կարող այդ ճամպրուկը (40x60) ինձ հետ վերցնել, քանի որ դրա չափսերը մեծ են և ստանդարտներին չեն համապատասխանում: Այդ պատճառով պետք է կամ 150 եվրոյին համարժեք վճարում կատարեմ և որպես ուղեբեռ հանձնեմ, կամ թողնեմ, այլապես նա թույլ չի տա օդանավ բարձրանամ: Ես հանկարծակիի եկա և նրան խնդրեցի, որ ցույց տա այն համապատասխան փաստաթուղթը, որում նշված է ձեռքի ուղեբեռի ճամպրուկի թույլատրելի չափսերը, որոնք կարող եմ ձեռքով տանել։ Փաստաթուղթ ցույց չտվեց և սկսեց ինձ հետ հեգնանքով խոսել, իբր ես ով եմ, որ նման բան եմ պահանջում: Այնուհետև աշխատողներին հրամայեց անվտանգության աշխատակիցներին կանչել, իբր ինձ կասկածում է հանցագործության մեջ, քանի որ պահանջում եմ օրենքով գործել։ Եվ այս ամենը միայն նրա համար, որ ես պահանջեցի այդ չարաբաստիկ փաստաթուղթը:

Երբ ասացի, որ բնակվում եմ Ամերիկայում, մեզ մոտ օրենքն է գործում, և ես օրենքով եմ առաջ շարժվում, նա ավելի չարությամբ լցվեց իմ հանդեպ և  բոլոր ուղևորների մոտ շոուի վերածեց իմ ճամպրուկի մեծ լինելը:

Այդ ճամպրուկով, անկեղծ եմ ասում, ես աշխարհի 80 երկիր եմ շրջագայել և 4 տարի առաջ Հայաստան եմ եկել-գնացել, սակայն որևէ տեղ (այդ թվում` նաև Հայաստանում)  նման խնդիր չի ծագել: Երբ նրան այդ մասին ասացի, նա ցինիկաբար շպրտեց.  «Հայաստանը աշխարհի մեջ չի մտնում, արագացրեք, կամ վճարեք ու հանձնեք, կամ թողեք ճամպրուկը: Թե չէ, որ եկել-գնացել եք, դրանից ինձ ի°նչ օգուտ... »։

Անզորությունից թևաթափ, ստիպված վճարեցի, քանի որ չէի պատրաստվում ճամպրուկս, որի մեջ նաև զարդերս էին, թողնել այդտեղ։

Ես զայրացած նրան ասացի` քեզ կխայտառակեմ: Նա ներողություն խնդրելու փոխարեն քմծիծաղով ու հեգնական տոնով, բոլորի ներկայությամբ, նորից հեգնանքով խոսեց և ասեց, որ ինքը օդանավակայանի աշխատակից չէ և իրեն ոչ ոք ոչինչ անել չի կարող: (Անչափ խնդրում եմ Հայաստանի ՆԳ բաժնին` ստուգեք, խիստ կասկածում եմ, որ նա հայ է. հավանաբար մի կերպ սողոսկել է այս բնագավառ, որ այլ ազգերի աչքում սևացնի, նսեմացնի հայ մարդուն, հայ ժողովրդին: Այլ բացատրություն չունեմ)։

Վճարելուց հետո շարունակեցի ճանապարհս: Վիրավորանքս ու զայրույթս կրկնապատկվեց, երբ օդանավում գտնվող մարդկանց ձեռքերին տեսա իմ ճամպրուկից ավելի մեծ ճամպրուկներ, իսկ Մոսկվայից մեզ միացան մարդիկ էլ ավելի մեծ չափսերի ճամպրուկները ձեռքներին։ Փաստորեն, ինչպես տեղեկացա օդանավում եղած մարդկանցից, բանից անտեղյակ,  չգիտեի, որ այդ Հարությունին, որպես կաշառք, գումար պետք է առաջարկեի, որ Հայաստանը մտներ աշխարհի ցանկում, որ ճամպրուկիս չափսերը համապատասխանեին իր ուղեղի չափսերին։ Չգիտեի և, անկախ իմ կամքից, հայտնվեցի նման իրավիճակում:

14 ժամ արցունքն աչքերիս, վիրավորանքը սրտումս տեղ հասա:

Ուզում եմ, որ բոլորն իմանան ինձ հետ կատարվածի մասին, որպեսզի հարությունների ճանկը չընկնեն: Իսկ արդարությունը վերականգնելու համար արժանավույնս պատժեն նրան: Քանզի, ոչ այնքան ապրուստի, որոնք նմանների պատճառով է, որ շատերը լքում են մեր երկիրը:

Օվսաննա Պողոսյան

ASEKOSE.am-ը փորձեց կապ հաստատել «ԱԷՐՈՖԼՈՏ -ռուսաստանյան ավիաուղիներ» ներկայացուցչության հայաստանյան գրասենյակի հետ, սակայն զանգին ոչ ոք չպատասխանեց: Ուստի, կլինենք հետևողական և կներկայացնենք նաև ընկերության պատասխանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին