▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել մեր հողերը.Արման Նավասարդյան

«Պետք չէ իջնել նման հուզական մակարդակի ու դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ: Դա լավ պրակտիկա չէ, պատերազմի շեմին գտնվող երկրների քաղաքականություն է: Բացի բլոգերից, անհատի խնդիրներից գոյություն ունեն պետական շահեր: Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել Բելառուսի ժողովրդի հետ, իսկ Լուկաշենկոն վաղը կարող է չլինել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով բլոգեր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու Բելառուսի որոշմանու ՀՀ-ում բարձրացված աղմուկի մասին՝ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ այս գործընթացն ամբողջովին քաղաքական է:

«Սա Ադրբեջանի ծրագրած գործն է, որը նա գնել է: Փորձում է ՀՀ-ին մեկուսացնելու, վախեցնելու քաղաքականություն վարել: Լուկաշենկոն էլ  այս քայլով  իր վերաբերմունքը ցույց տվեց ՀԱՊԿ-ի նկատմամբ: Կարող ենք ասել, որ նա գտնվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաշեմին: Փաստորեն, հարված է հասցնում նաև Ռուսաստանին: Իսկ մենք պետք է կարողանանք օգտագործել այս առիթը, քանի որ դինամիտի դեր կարող է խաղալ թե՛ Ադրբեջանի, թե՛ Բելառուսի համար: Երկու երկրներն էլ սկզբից մինչև վերջ խախտել են և՛ միջազգային իրավունքը, և՛ մարդկային բոլոր գրված ու չգրված օրենքները: Մենք պետք է ունենանք ակտիվ, հարձակողական դիվանագիտություն, ոչ թե պաշտպանվենք, մի բան էլ կարգավիճակ ստանալու համար հող հանձնենք: Այդ Ադրբեջանն է պարտավոր  վերադարձնել մեր հողերը»,-նկատեց Արման Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին՝ նշեց.

«Չեմ կարծում, որ հարաբերությունները կխզվեն: Իսրայելի հետ էլ պետք է մենք աշխատենք»:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության «Ծանր հանցագործությունների» հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում): Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել է: Ադրբեջանական կողմը պահանջել է բլոգերին արտահանձնել Բաքու: Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 20-ին նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշում է կայացրել: Փետրվարի 7-ին բլոգերին տեղափոխեցին Ադրբեջան:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին