Ադրբեջանը, հնարավոր է, մուտքի վիզա չտրամադրի ֆուտբոլի հայ աստղին: Այս մասին գրում է թուրքական «Superhaber» լրատվական կայքը` հղում անելով գերմանական «Բիլդ» պարբերականին:
Ըստ աղբյուրի` ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» և ադրբեջանական «Գաբալա» թիմի հանդիպմանը ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել «Բորուսիայի» կազմում հանդես եկող հանրահայտ հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը , քանի որ Ադրբեջանը , հնարավոր է, թույլ չտա նրան մուտք գործել երկիր:
Գերմանական պարբերականը, հիշեցնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարիներ շարունակ չլուծվող ղարաբաղյան հակամարտության պատճառով Ադրբեջանը վերջին շրջանում Հայաստանի քաղաքացիներին մուտքի վիզա չի տրամադրում, մտավախություն է հայտնել, որ Մխիթարյանին ևս թույլ չի տրվի մեկնել Ադրբեջան: Մինչդեռ հոկտեմբերի 22-ին ժամը 22:05 –ին կայանալիք խաղին Մխիթարյանի մասնակցությունը չափազանց կարևոր է գերմանական թիմի համար: 26-ամյա անվանի հայ ֆուտբոլիստը վերջին 7 խաղի ընթացքում 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
«Բորուսիայի» մամուլի խոսնակ Սաշա Ֆլիգեն հույս է հայտնել, որ այս լուրերը սուտ են. «Մխիթարյանը վերջին խաղերի ընթացքում անհավանական խաղ է ցուցադրում և մեզ համար չափազանց կարևոր ֆուտբոլիստ է», -ասել է նա:
Աղբյուրը` ermenihaber.am