Հունվարի 28-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած և Ալիբեյլի գյուղում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանի մասին հարազատները դեռ նորություն չունեն: Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Վերին Կարմիրաղբյուր և հանդիպում ունեցել Մամիկոն Խոջոյանի հարազատների հետ:
«Ստանալով պաշտոնական հաստատում Ադրբեջանի իշխանությունների կողմից, մեր կոլեգաները Բաքվում անմիջապես կապ հաստատեցին իշխանությունների հետ, որպեսզի անհապաղ մուտք և այցելություն ապահովեն ՀՀ քաղաքացուն, ինչպես և անում ենք նման դեպքերում»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, ապա հավելեց.
«Իսկ երեկ մեր կազմակերպության հայաստանյան գրասենյակի աշխատակիցները հանդիպել են քաղաքացու հարազատներին: Պետք է նաև ասեմ՝ ըստ պահանջի և անհրաժեշտության դեպքում այդ հանդիպումները կշարունակվեն ընտանիքի անդամների հետ և կփորձենք ապահովել նրանց կապը»:
Ի դեպ՝ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հայ «դիվերսանտը» հարցազրույց է տվել ադրբեջանական ANS հեռուստաալիքին: Նշվում է, որ նա հակասական մտքեր է ատահայտել: Իբր նախ նշել է, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է, ապա ավելացրել, որ խաղողի մշակությամբ է զբաղվում:
Իսկ հարցին, թե արդյո՞ք խախտում չէ նախքան ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ հանդիպումը գերուց հարցազրույց վերցնելը, Զառա Ամատունին պատասխանեց.
«Չեմ կարող ասել, թե որքանով է հավաստի, որ հարցազրույց է եղել, քանի որ տեսագրություն չկա»:
Մեր հարցին, թե Մամիկոն Խոջոյանի՝ հոգեկան խնդիրներ ունենալու հանգամանքը կարող է ինչ-որ կերպ հեշտացնել գործընթացը, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Բոլոր դեպքերում նա քաղաքացիական անձ է և ցանկացած դեպքում մեր կազմակերպությունն՝ ըստ իր մանդատի փորձում է կատարել միջնորդի իր դերը և փորձել լուծել քաղաքացու խնդիրները: Սակայն որքանով դա ավելի բարդ կամ ավելի հեշտ կլինի, ժամանակը ցույց կտա: Այս պահին մեր նպատակն է փորձել ապահովել այցելություն, ապա և հետագա աշխատանքները կազմակերպել»: