Եվրատեսիլ 2014-ին Հայաստանը ներկայացնող Արամ MP 3-ի «Not Alone» երգը, բնականաբար, չէր կարող չլինել նաև քոչվոր հարևանների ուշադրության կենտրոնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանցի երգիչներից մեկն իր facebook-յան պատին տեղադրել էր Արամ Mp3-ի տեսահոլովակը, այն համարել հաղթող տարբերակ: Ապա սատիրայի ժանրին հատուկ ծաղրով դիմել ադրբեջանցիներին, թե տեսնենք դուք ինչ կներկայացնեք…
Փաստը, որ ադրբեջանիցները այսպես ասած «գնահատել» են Արամ MP 3-ի երգի որակը, ապացուցում են նաև այսօր ադրբեջանական կայքերից մեկում տեղ գտած հոդվածի որոշ շեշտադրումներ:
Հոդվածի հեղինակը նախ ընդհանուր դատողություններ է անում եվրատեսիլյան երգերի մասին՝ նշելով, որ
«Երգերը հիմնականում կարելի է դասդասել երկու տեսակի ` պարային և բալլադային: Հաղթում են հիմնականում պարային կատարումները, իսկ մյուսները՝ ընդգկվում են հնգյակում: Եվ հենց այդպիսի՝ մեղեդային կատարմամբ է այս տարի Եվրատեսիլում Ադրբեջանը ներկայացնելու մեր մասնակից Դիլյարա Քյազիմովան: Երգը լուրջ տեքստ և գործիքավորում ունի»:
Հոդվածագիրը նշում է, որ Դիլյարա Քյազիմովայի օրինակին «հետևել» է Արամը MP 3-ն` իր «Not Alone» երգով:
Անդրադառնալով երգերի գործիքավորմանը, ադրբեջանցի հեղինակը նշում է, որ իրենց ներկայացուցչի երգը ձայնագրվել է արտասահմանում՝ հատուկ շեշտելով, որ չեն թաքցրել այդ փաստը, իսկ ահա
«հայերը ներկայացնում են. թե իրենց երգը ստեղծվել է Հայաստանում: Նշվում է, որ երաժշտության հեղինակն ինքը Արամն է, իսկ խոսքերի հեղինակը՝ նրա ընկերը՝ Գարիկ Պապոյանը»:
Ըստ ադրբեջանցիների՝ սա բացահայտ մեսիջ է իրենց, թե իբր «Մենք փող չունենք, բայց ձեզնից տաղադավոր ենք»:
Հարևանները համոզված են, որ այսպիսի որակյալ գործիքավորումը կարող էր կատարվել միայն դրսում՝ մասնավորապես Թուրքիայում:
Արդեն հայտնի է, որ Դիլյարա Քյազիմովայի երգում դուդուկի հնչյուններ են լսվում: Հոդվածագիրը նշում է, որ երգի ձայնագրության մեջ հնչում է արևելյան և կովկասյան բալաբան գործիքը, որը «Հայաստանում դուդուկ են անվանում և համարում են իրենցը: Պատճառը նաև այն է, որ Ջիվան Գասպարյանը դուդուկ է նվագում»:
Ադրբեջանցի լրագրողն ինքն իրեն հարց է տալիս, թե կհայտնվի՞ արդյոք Քյազիմովան եզրափակչում, ապա և պատասխանում ինքն իրեն՝ իհարկե: Կհանդիպե՞նք այնտեղ Հայաստանին՝ միգուցե:
«Սակայն մտահոգվել, թե Արամը կհաղթի, և մենք ստիպված կլինենք բոյկոտել Եվրատեսիլը, չարժե, քանի որ նրա երգը ոչ մի կերպ չի կարող լինել առաջինը: Հայաստանը քիչ հարևաններ ունի, որոնք կարող են աջակցել իրեն, այնպես որ Արամն այնտեղ կմնա միայնակ և կպայքարի իր միավորների համար»,- ինքն իրեն և ընթերցողին հուսադրող տրամադրություններ հաղորդելով՝ հեղինակը եզրափակում է հոդվածը: