epress.am-ը գրում է, որ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի ու ռուսաստանյան «Ռուբինի» կիսապաշտպան Ռուսլան Աբիշովը ստիպված կլինի լքել ռուսական ակումբի կազմը, եթե թիմը գլխավորի Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Բաքվի «Նեֆտչի» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Բեյուկագա Հաջիևը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ մարզիկը ազատ է գործել սեփական հայեցողությամբ․ «Ռուսլանը լավ ֆուտբոլիստ է ու լավ մարդ․ նա ազատ է իր ընտրության մեջ»։
«Ես, պարզապես, կարծում եմ, որ եթե Մինասյանը նշանակվի «Ռուբինի» մարզիչ, Աբիշովը հիմնական կազմում տեղ զբաղեցնելու հնարավորություն չի ունենա։ Ռուսլանը չպետք է սպասի մինչև Մինասյանը հրաժարվի նրա ծառայություններից։ Ադրբեջանցի ֆուտբոլիստը չպետք է խաղա հայ մարզչի ղեկավարության տակ։ Այնպես որ, նա պետք է փոխի թիմը։ Անգամ՝ վերադառնալ Ադրբեջան», – Հաջիևի խոսքերն է փոխանցում azerisport.com-ը։