Նախօրեին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ օծվեց նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցին:
Իրադարձությունը, հիրավի, չափազանց կարևոր ու սպասված էր Բերդ քաղաքի և տարածաշրջանի բնակչության համար, քանի որ տասնամյակներ շարունակ Բերդում գործող եկեղեցի չի եղել(Տարածաշրջանի միակ գործող եկեղեցին սահմանամերձ Մովսես գյուղում է ): Ուստի օրինաչափ էր նաև տեղացիների խանդավառությունն ու ոգևորությունը:
Մինչև ուշ երեկո մարդկանց հոսքը եկեղեցի չէր դադարում:
Արարողությանը մասնակցելու էր եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ս. Հովհաննես եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2012 թ. մայիսի 20-ին: Կառուցվել է Ջոն Սթիվենսի բարերարությամբ: Ճարտարապետը Արտակ Ղուլյանն է:
Ս. Հովհաննես եկեղեցու օծման և Խաչվերացի տոնի կապակցությամբ Նորին Սրբությունը նորակառույց եկեղեցուն նվիրեց Տիրոջ խաչելության սրբապատկեր:
***
Պատմական այս իրադարձությանը մասնակցելու էին շտապել ոչ միայն Բերդից, այլև հարևան գյուղերից: Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակչուհի, օրերս 80-ամյակը բոլորած Սուդարիկ Պետրոսյան –Դարբինյանը դատարկաձեռն չէր եկել: Մարիամ Աստվածածնի՝ Իր հեղինակած պատկերն էր բերել՝ նորակառույց եկեղեցուն նվիրելու:
Սուդարիկ տատիկը ծնվել է 1934 թվականին՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղում: 2 եղբայրները զոհվել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին:
Տատը 10 թոռ և 12 ծոռ ունի: Ավագ թոռը 40 տարեկան է, ավագ ծոռը՝ 22:
Սուդարիկ տատիկի կյանքը փորձությունների շղթա է: Սակայն պատուհասած բոլոր փորձություններից ասես հրաշքով փրկվել է:
Դեռ դպրոցական տարիներին ձին հարվածել է ծնոտին, ինչի պատճառով, ինչպես տատիկն է ասում, բարձրագույն կրթություն չի կարողացել ստանալ: Բավական լուրջ վերքը մի քանի ամսվա ընթացքում ամբողջովին բուժվել է:
Երկորդ փորձությունը ևս երկար սպասեցնել չի տվել: 25-26 տարեկանում նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն 4 անգամ վիրահատվելուց հետո բուժվել է:
Կյանքը ևս մեկ փորձություն էր պատրաստել սակայն, ի վերուստ որոշված էր՝ այս մեկը ևս պետք է հաղթահարի:
Սուդարիկ տատիկը 3 տասնամյակ աշխատել է գյուղի փոստում՝ որպես հեռախոսավարուհի:
«Փոստում աշխատելու տարիներին՝ 1991 թվականին, գրադը հարվածեց փոստի հարևանությամբ գտնվող մշակույթի տանը, բեկորները մտել էին նաև այն սենյակ, որտեղ ես աշխատում էի: Իհարկե, ես ոչինչ չեմ հիշում, բայց ինձ հայտնաբերել են անգիտակից վիճակում: Թե ինչքան եմ այդպես մնացել, չգիտեմ: Ծայրահեղ ծանր վիճակով ինձ տեղափոխել են հարևան տուն, որտեղ էլ առաջին բուժօգնություն են ցուցաբերել»:
Երորրդ փորձությունից հետո հասկացել է, որ կյանքը Աստծո պարգև է և ուխտել է նվիրվել Աստծուն:
2011 թվականից սկսել է ուլունքագործ պատկերներ գործել, ինչը համարում է Աստծո շնորհ, քանի որ երբեք նախկինում դրանով չի զբաղվել:
«Առաջին անգամ մի երեխայի մոտ սրբապատկեր տեսա ու միանգամից ցանկություն առաջացավ այն գործել ուլուքններով: Խնդրեցի, վերցրեցի ու նայելով՝ գործեցի: Դա առաջին փորձն էր»:
Տատիկը տեսողության խնդիր ունի: Ինչպես ինքն է ասում՝ գրադի հարվածից հետո ասեղի անցքը երեք հատ է տեսնում, սակայն աշխատանք արված էր կոկիկ ու անթերի:
Ուլունքներն ու շրջանակները գնում է իր թոշակով: Ասում է՝ ոչինչ, Աստված ավելացնում է:
Սուդարիկ տատիկը գործում է՝միայն ու միայն նվիրելու համար: Առաջին գործը նվիրել է Մովսեսի եկեղեցուն:
«Գործում էի, որ նվիրեմ որևէ քահանայի, սակայն հենց այդ ժամանակ օծվեց Մովսեսի եկեղեցին, և սիրով նվիրեցի եկեղեցուն»:
Տատիկի աշխատանքները հասել են մինչև Իջևան, Աբովյան և անգամ Ուկրաինա:
«Թոռնուհիս եկել էր Ուկրաինայից, հերթական սրբապատկերը տարավ հայկական եկեղեցիներից մեկին ընծայելու»:
Նկարները տարբեր չափսերի են: Բոլորը նախատեսված են նվիրելու համար: Իր աշխատանքներից տատիկը սիրով նվիրում է նաև նորապսակենրին, որպեսզի Աստծո օրհնությունը նրանց հետ լինի:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան