yerkir.am-ը գրում է, որ ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ խայտառակ դեպք է տեղի ունեցել: Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը` հանդես է եկել դատապարտելի հայտարարությամբ:
Մասնավորապես նա հայտարարել է, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», և, որ «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է: Սույն տիկինը մեր իսկ խորհրդարանում մեր երկիրը որակեց որպես «ագրեսոր երկիր»,-գրում է yerkir.am-ը` հավելելով, որ տիկնոջ ելույթից հետո խորհրդաժողովի մասնակիցներից ոմանք ծափահարեցին։
Ի պատասխան տիկնոջ ապատեղեկատվության` արտահերթ ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` կոչ անելով չօգտագործել խորհրդաժողովը և Հայաստանի խորհրդարանի ամբիոնը՝ սուտ տեղեկատվություն տարածելու համար.
«Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի' փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն։ Ես կարծում եմ, որ այստեղ ներկա բարձրաստիճան հյուրերը պետք է անպայման իրենց անհամաձայնությունը հայտնեն, որ գիտական կոնֆերանսը որոշ մարդիկ փորձում են վերածել անթույլատրելի քննարկման։ Այսպիսի հարցի շուրջ քննարկումներ տեղի են ունենում այնպիսի լսարանում, որտեղ կան մասնագետներ, ովքեր տիրապետում են թեմային, իսկ հայտարարել, որ այստեղ կամ այնտեղ ցեղասպանություն է եղել, շատ նման է մեր հարևանների կողմից ամեն օր հնչող միօրինակ հայտարարություններին։ Ես համարում եմ, որ տիկին փաստաբանը պետք է ավելի կոռեկտ լիներ իր արտահայտություններում»,-ասել է Հերմինե Նաղդալյանը:
Աուրելիա Գրիգորիուն էլ հայտարարել է, որ իր ելույթով պարզապես ցանկանում էր ընդգծել, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Տիկինը նշել է, որ պատվեր չի կատարում, պարզապես պայքարում է մարդու իրավունքների համար։