▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդավառը` աղջիկ ընտրելու և «աղջկատեսի» տոն

 

Հուլիսի 7-ին կնշենք Վարդավառը, որը  Հայ Առաքելական Եկեղեցին նշում է որպես Քրիստոսի Պայծառակերպության տոն և հանդիսանում է հինգ տաղավար տոներից մեկը։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում (այստեղից էլ` Վարդավառին միմյանց ջրելու սովորությունը): Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն: Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ:
Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։


«Մարդիկ Վարդավառին ուխտ են գնացել սարերը և ուր գետերի, աղբյուրների ակունքների մոտ էլ Վարդավառի տոնախմբություններն են կատարվել, համայնական զոհաբերություն արել, խաղեր ու խրախճանք կազմակերպել: Ամենատարածված խաղը կոխն էր, որ հավանաբար նվիրված էր Վահագն աստծուն: Վահագնին էին նվիրված նաև վանեցի երիտասարդների կազմակերպած ռազմական խաղերը: Բաժանվելով խմբերի` նրանք պարսատիկներով ու փայտերով «կռվում» էին միմյանց դեմ: Շատ տարածված էին աղջիկների զանազան երգ-խաղերը, զվարճախաղերը»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատմաբան Վահե Անթանեսյանը` հավելելով, որ տոնը սկսվում է շաբաթ երեկոյան, երբ ուխտավորները մատաղ են անում, անասուն մորթում և հավաքվում գիշերային խարույկի շուրջ:


«Խարույկ վառելու և տոնը կեսգիշերին դիմավորելու սովորույթը լավ է պահպանվել հատկապես Լոռիում, որտեղ Վարդավառը ժողովրդական ամենասիրելի տոնն է»,-փաստում է պատմաբանը:

Վարդավառը նաև խնձորի տոն է: Սեղաններին առատ է եղել միրգը: «Ժողովուրդը տոնը երբեմն անվանում էր «խնձորի պաս»: Տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին»,-նշեց Վահե Անթանեսյանը:

Ինչ վերաբերում է վարդավառ բառին, ապա պատմաբանը փաստում է, որ այն բաղկացած է վարդ և վառել բառերից, որ նշանակում է սիրո գերագույն խորհրդով օծվել: Տոնի սկզբին` հունիսի 27-ին (Վահագնի օրվան) գումարվում է մարտի 21-ից մինչև առաջիկա լիալուսին ընկած օրերի քանակը:

Պարզվում է, որ Վարդավառը եղել է նաև աղջիկ ընտրելու և «աղջկատեսի» տոն:
«Այս տոնի ընթացքում կատարվող ուխտագնացությունների, արարողությունների ժամանակ հաճախ էին խնամախոսությունները, նշանդրեքի, պսակի արարողությունները:

Վարդավառին ամուսնացած աղջիկներն իրավունք էին ստանում երկրորդ անգամ գնալ հորանց տուն և սովորաբար այնտեղ մնում էին 15 օր»,-փաստեց պատմաբանը:

 

Անի Կարապետյան

 

 

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее