▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանգայա-նոստրադամուսյան հովերի ներքո անցկացվող վերջին ժամերը

Կարծում եմ այսօր էլ հայաստանյան հանրությունն ու հատկապես համացանցային հանրությունն ու օնլայն մեդիա դաշտը կգտնվեն Վանգայա-նոստրադամուսյան հովերի ներքո ու կտվայտվեն ՀՀ տասներեքերորդ վարչապետի ով լինելու իրենց կանխատեսումներում, կանխատեսումներ, որոնք երբեմն հասնում են աբսուրդի գրական ժանրի սահմաններին:

Մինչդեռ եթե անկեղծ լինենք, ապա այս կամ այն քաղաքական գործչին վարչապետի աթոռին բազմեցնելը շատ ավելի անեծք է քան մաղթանք կամ բարի ցանկություն, հատկապես ներկա իրավիճակում:

Ու այստեղ հարցն ամենևին էլ այն հանգամանքը չէ, որ նոր վարչապետը կլինի երկրի երրորդ դեմքը կբնակվի կառավարական դաչայում և այլն և այլն: Հարցն այլ է: իսկ ավելի կոնկրետ, այն, որ նոր վարչապետի ուսերին է ծանրանալու Հայաստանի համար ահռելի պետական պարտքն իր բոլոր խնդիրներով ու հետևանքներով, գրեթե կազմալուծված տնտեսությունը, հարկային այն խառնաշփոթը, որի մասին կիսաձայն խոսում են բոլոր գործարարներն ու հաշվապահները ու փաստում, որ գրեթե անհնարին է դարձել աշխատել նման պայմաններում: Չհաշված իհարկե տիգրանսարգսյանական թիմի աննախադեպ բարեփոխումները ....

Մի խոսքով ասած, հաջորդ վարչապետը պետք է ուղղակի աստիճանական հետընթաց քաւյլերով երկիրը բերի նախատիգրանյան վիճակի կամ գոնե այնպիսի իրադրություն ապահովվի, որ տնտեսություն ձգտի դրան: Իսկ դրան հասնել կարելի է կրկին մանր ու միջին բիզնեսին վերակենդանացնելով, օգնության ձեռք մեկնելով բոլոր նրանց, ովքեր կարող են և ուզում են ու պատրաստ են թեկուզ մեկ կամ երկու աշխատատեղանոց գործ բացել:

Օգնության այդ ձեռքը կարող է լինել հարկային արտոնություններ կամ արտոնյալ բիզնես վարկեր տրամադրելով: Ընդհանրապես եթե նայենք, ճիշտ կլինի, եթե տնտեսության մի շարք ոլորտներ որտեղ ասենք պարտադիր չէ բնական մոնոպոլիայի առկայությունը, ոլորտն ապակենտրոնցվի խոշորներին ճնշելու ու մանրերին ու միջիններին զարկ տալու միջոցով, իրողություն, որ կիրառվում է այսօր նաև ԱՄՆ տնտեսության մեջ: Նույն տրամաբանությամբ պետք է համապատասխան արտոնությունների արժանանա նաև գյուղացին:

Թեկուզ դա լինի վարկային պարտավորությունների համաներման կամ երկարաժամկետ սառեցման միջոցով: Այսինքն, այս ու այս կարգի մեխանիզմները կօգնեն, որպեսզի գյուղացին շնչի ու կարողանա առաջ գնալ կանգնած տեղից կամ որ ավելի իրատեսական կհնչի հետընթացից: Բացի այս: Ճիշտ կլինի, եթե վերանայվի երկրի ողջ ֆինանսական վարկային քաղաքականությունը ու բանկային համակարգը: վարկային համաներումը կամ երկարաժամկետ սառեցումը, ըստ նախապես կազմված գրաֆիկի, փոքրածավալ վճարումների համակարգի ներդնումը թույլ կտա քաղաքացիներին շունչ քաշել. սա արդեն հրատապ է, քանզի երևի Հայաստանում չգտնվի մի քաղաքացի, ով այս կամ այն կերպ կապված չլինի բանկերին վարկերի տեսքով:

Նման քաղաքականության դեպքում եթե նկատվի բյուջեի մուտքերի նվազում, այն կարելի է լցնել խոշոր բիզնեսի հարկային բեռի ծանրացմամբ, թեկուզ նաև կոմունալ վճարների սակագների փոփոխությամբ:

Այլ կերպ ասած, պետք է մշակել այստեղ էլ հասարակության համերաշխության մի մեխանիզմ, երբ խոշոր բիզնեսը պետք է վճարի չունևորի կամ հասարակ քաղաքացու համար մի որոշ ժամանակ` հանուն երկրի սոցիալ-տնտեսական առողջացման:

Ասվածը փորձված է ու ապացուցված նաև պատմական փորձառությամբ: Զարգացած երկրների տնտեսության մեջ այսօր էլ հարկային համակարգը կառուցված է այնպես, որ պետությունը հանդես է գալիս որպես փոքր ու միջին բիզնեսի ու հասարակ քաղաքացու պաշտպան:

Սրանք դեռ առաջնային ամենահրատապ հարցերին նայեցինք, իսկ կուտակված խնդիրները կարելի է ասել ահագնացող չափերի շատ են փոքրիկ Հայաստանի համար:

Ռաֆֆի Գյոզալյան 


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее