«Որոշել էինք աջակցել մեր ակտիվիստ ընկերներին: Ոստիկանները գողացան վրանները, իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրապարակայնորեն խոստացավ վերադարձնել դրանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Քաղաքապետարանի մոտ վրաններ տեղադրելու համար ակտիվիստների և ոստիկանների բախման մասին` ասաց ՀՀ քաղաքացի, ակտիվիստ Անի Կաղինյանը:
Հարցին, թե ինչու երիտասարդները չեն պայքարում նաև գազի, էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ, Անի Կաղինյանը նախ իր դժգոհությունը հայտնեց մեծահասկաների վատատեսության համար` նշելով, որ նրանց կարծիքով երիտասարդները ոչնչի չէին հասնի, սակայն երկրի ուղեգիծը փոխելու քայլերից մեկն այն է, որ մենք պետք է գիտակցենք այն, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
«Մյուս թանկացումների մասին ասեմ` օրինակ որոշ խանութներում մեր պայքարի ժամանակ հացը 20 դրամով էժանացել է: Գազի, էլեկտրաէներգիայի դեպքում պայթյուն կլինի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, երբ քաղաքացին ուշքի կգա, կսթափվի»,- ասաց ակտիվիստը` հավելելով, որ տրանսպորտի ուղեվարձի դեպքում իրավիճակը մի փոքր այլ էր.
«Տրանսպորտի դեպքում մարդը տեսնում էր, որ ամեն օր գրպանից 100, 200 դրամ պակասում է»,-եզրափակեց Անի Կաղինյանը:
Անի Կարապետյան