Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:
Թշնամին բավական երկար՝ շուրջ մեկ ժամ կրակել է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ:
Կրակոցներն արդեն շուրջ մեկ ժամ դադարել են, և այս պահին խաղաղ է: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը՝ նշելով, որ հնարավոր վնասների մասին դեռ ոչինչ չի կարող ասել: Պարզ կլինի միայն առավոտյան:
Այգեպարի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ նախօրեին ևս կրակել են, սակայն ավելի կարճ:
Չինարիից ASEKOSE.am-ի թղթակցին հայտնեցին, որ այնտեղ կրակոցներ չեն լսվել:
Ի դեպ՝ կրակահերթը բավական ինտենսիվ էր և լսվում էր անգամ հարևան գյուղերում՝ մասնավորապես Վերին Կարմիրաղբյուրում:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան