Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, խոսելով տրասնպորտի թանկացման մասին և պատասխանելով Slaq.am-ի հարցին, թե արդյոք նրան չի՞ մտահոգում այն, որ հասարակական ակտիվ խմբերին միանում են հանրությանը հայտնի մարդիկ՝ դերասան Հայկ Մարությանը, լրագրող Պետրոս Ղազարյանը, մեդիա դաշտում հայտնի Ալեն Սիմոնյանը և ուրիշներ, նշել է, որ հարցն ունի երկու կողմ:
- Նախ կասկածի տակ է դրվում ծառայության արժեքը։ Եվս մեկ անգամ արձանագրենք, որ հանձնաժողովը տող առ տող քննարկում է ծառայության արժեքը ձևավորող բոլոր բաղադրիչները և պատրաստ է այն քննարկել բոլոր շահագրգիռ և սրտացավ անձանց հետ։ Երկրորդը դա բոյկոտի այն կոչերն են որոնք արվում են անկախ ամեն ինչից։ Եկեք ընդունենք, որ սրանք ի սկզբանի իրարամերժ են։ Ձեր մատնանշած անձանց համարելով իրոք խնդրի լուծման համար սրտացավ մարդիկ, մենք հրապարակայնորեն նրանց հրավիրում ենք մասնակից լինել հանձնաժողովի աշխատանքներին և փորձել համատեղ ուժերով հասնել խնդրի ընդունելի և արդար լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը բաց է ցանկացած քննարկման համար։
Փոխքաղաքապետը անդրադառնալով այն տեղեկություններին, թե իշխանավորների ազգականների, մեծահարուստների կողմից են երթուղիները սպասարկվում և մրցույթներն էլ բաց ու թափանցիկ չեն, ասել է, որ այս պահին թվով 24 ազատ երթուղիներ կան, որոնց մրցույթը հայտերի բացակայության պատճառով չի կայանում:
-Եվ եթե դուք մատնանշեք որևէ դեպք, երբ ինչ որ մեկը ցանկություն է հայտնել մասնակցել մրցույթներին ու նրա հնարավորությունները սահմանափակվել են, ապա ես վերոհիշյալ տեսակետի հետ կհամաձայնեմ։