«Սա եկավ ապացուցելու, որ դեմոկրատիան Թուրքիայում ձևական բնույթ է կրում: Փոքրամասնությունների նկատմամբ միշտ էլ խտրական վերաբերմունք է եղել: Եվ, կոդավորման առկայության դեպքում, հայտնվելով ոստիկանությունում թեկուզ անմեղ էլ լինեիր, մեկ է, մեղավոր էիր ճանաչվելու»,-անդրադառնալով Թուրքիայում 1923 թ.-ից հետո Լոզանի պայմանագրով փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրեր նշելու փաստին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լիլիթ Գասպարյանը` փաստելով, որ երբ ինքը այդ երկրում սովորական թղթակից էր, Ազգային անվտանգությունում իր մասին 4 թղթածրար կար:
Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայում հայ հասարակության արձագանքին` լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչինն ասաց, որ մեծերը, ովքեր 70-80 տարեկան են, տեղյակ էին, որ թուրքական կառավարությունը կոդավորում է, իսկ երիտասարդների դեպքում այս ամենը լայն արձագանք գտավ հատկապես սոցիալական ցանցերում:
«Թուրքիայում ծնված բոլոր հայերը կոդավորված են, անգամ եթե հիմա այլ երկրում են բնակվում»,-փաստեց Արիս Նալչինը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են շարունակում բնակվել Թուրքիայում` Նալչինը պատասխանեց.
«Սա մեր հողն է և Ցեղասպանություն կատարված հողում Ցեղասպանությունը պետք է արձագանք գտնի»:
Խոսելով տեղեկատվության և Թուրքիայի Ներքին գործերի նախարարության կողմից դրա հաստատման փաստի մասին` Լիլիթ Գասպարյանն ասաց, որ սա լավ խաղաքարտ է և պետք է անպայման օգտագործել:
«Պետք է այնպես քննարկենք, որ միջազգային հանրության ուշադրությունը գրավի»,-եզրափակեց թուրքագետը:
Անի Կարապետյան