▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան փորձում է ակտիվանալ. Ռուսաստանը զգուշացնում է

«Ռուսաստան-Հայաստան. Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ՌԴ նախագահը հայտարարեց, թե «Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Հարավային Կովկասից»:
Այս հայտարարարությունը հատկապես կարևորվում է Եվրամիության կողմից իրականացվող արևելյան գործընկերության ծրագրի և Թուրքիայի՝ Հարավային Կովկասում առանցքային դերակատարություն ստանձնելուն ուղղված ջանքերի պայմաններում:

Եվրամիության մասով. Երբ ԵՄ-ն ԽՍՀՄ նախկին հանրապետությունների՝ Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցություններ սկսեց՝ ԵՄ ասոցացման համաձայնագրին միանալու նպատակով, ի սկզբանե, ՌԴ-ն այս ծրագիրն ընդունեց որպես իր շահերի դեմ ուղղված քայլ:
ՌԴ-ի տեսանկյունից, նմանատիպ իրավիճակ էր դիտվում նաև տարիներ առաջ, ԽՍՀՄ նախկին երկրներում (Վրաստան, Ուկրաինա, Ղրղզստան), այսպես կոչված, հեղափոխոխությունների ալիքի բարձրացումը, որը ևս որպես Արևմուտքի նախաձեռնություն էր դիտվում:

ՌԴ նախագահը՝ Գյումրիում հնչեցրած հայտարարությունում ընդգծեց Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդման կարևորության մասին, սակայն հասկանալի է, որ ամբողջական օրակարգի առումով, ՌԴ-ն նպատակ ունի ամրապնդվել ԽՍՀՄ նախկին տարածքում. բացառություն են Բալթյան հանրապետությունները, որոնք ներկայումս ԵՄ անդամ են:
Իր հայտարարությամբ, ՌԴ-ն Արևմուտքին զգուշացնում է, որ վերոնշյալ տարածքն իր համար կենսական նշանակություն ունեցող գոտի է և ցանկացած ծրագիր նախագծելուց առաջ, մանավանդ, ԵՄ ասոցացման համաձայնագրի պես հավակնոտ, ԵՄ-ն առաջին հերթին պետք է նկատի առնի Ռուսաստանի ընդգծված հետաքրքրություններն այդ տարածքում:

Թուրքիայի մասով. Հարավային Կովկասում, երկարաժամկետ կտրվածքով, իր՝ առանցքային խաղացողի կարգավիճակի մասին հայտարարելուց մոտ 10 օր առաջ, Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ, ով հանդիպման ժամանակ, հերթական անգամ շոշափել էր Հարավային Կոկվասում տիրող իրավիճակը, և, մասնավորապես, ԼՂ հակամարտության խնդիրը:
Նկատելի է, որ Ռուսաստանին անհանգստացնում է Թուրքիայի փորձերը՝ ակտիվ ներգրավվածություն ապահովելու Հարավային Կովկասում: Այս տեսանկյունից, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի շահերից է բխում՝ նվազագույնի հասցնելու Թուրքիայի ակտիվությունը այս տարածաշրջանում:

ՌԴ նախագահի հայտարարությունը, թե «Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Հարավային Կովկասից», առաջին հերթին ուղղված էր Թուրքիայի՝ Հարավային Կովկաս «մխրճվելու» փորձերի դեմ և պատահական չէր, որ այն հնչեց Գյումրիում, որտեղ տեղակայված է տարածաշրջանում ռուսական ներկայությունը խորհրդանշող ռուսական ռազմաբազան:

 

Տիգրան Աբրահամյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее