▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրճ և ջուր եռացնելու փորձը կխփի «գազավիկներին»

«ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից Հայաստանի բնակչությանը վաճառվող գազի կալորիականությունը ստուգելու համար «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը Երևանում և Վրաստանի Տետրից Կարո քաղաքում փորձ է իրականացրել՝ նույն քանակության ջուրը նույն պայմաններում եռացնելով, ինչը ցույց է տվել երկու երկրներում գազի կալորիականության տարբերությունը:

«Քանի որ սկզբում առաջ էի քաշել «Գազպրոմ»-ի`  ազոտային կայան ունենալու փաստը, ինչը իրենք ինչ-որ կերպ փորձեցին հերքել  և, քանի որ, փաստեր այդքան էլ չունեինք, մինչ օրս չգիտենք օրինակ կայանների տեղը,  երկար մտածեցինք և գտանք այն տարբերակը, որը կապ չունի ո'չ ազոտային կայանի, ո'չ օդ սրսկելու և ո'չ էլ այլ սարք գտնելու հետ: Գնացինք երևանյան խանութներ, գնեցինք գազօջախ, ջերմաչափեր, տարա, սարք, որը ցույց է տալիս, թե տվյալ կետը ծովի մակարդակից որքան է բարձր և երկու կես լիտրանոց ջուր: Արդյունքում լրիվ նույն պայմաններում մեզ մոտ ջուրը եռաց 5 րոպե 53, Վրաստանում` 3 րոպե 49 վայրկյանում»-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Վահան Մարտիրոսյանը` մանրամասնելով.

«Այսինքն, գազը չունի այն որակը, ինչ իրենք են ներկայացնում: Եվ, համաձայն իրենց կանոնադրության կետի` պետք է փոխհատուցեն ժողովրդին: Հետհաշվարկով, որը կատարել ենք նոյեմբեր ամսին, պետք է փոխհատուցեն 68 միլիոն դոլար»:

Խոսելով իրավական դաշտում ստացված հնարավորության արդյունքի մասին` բանախոսը ասաց, որ ամենը կտեղափոխեն իրավական դաշտ:

«Բացի դրանից` կսկսենք ակտիվ գործընթացը: Մարտին գալու է փետրվար ամսվա սպառած գազի գինը, ուզում եմ դիմել ժողովրդին` խնդրելով չվճարել, քանի որ մենք ապացուցեցինք, որ ձեզ խաբում են»:

Անդրադառնալով «Գազպրոմ»-ի մամլո խոսնակի հայտարարությանը, թե իրենք դիլետանտ են, Վահան Մարտիրոսյանը հարցրեց.

«Բա այդ դեպքում ինչո՞ւ են ֆիզիկոսները գրում, որ մեր փորձն անթերի է»,-հավելելով.

«Մեր փորձի տարբերությունը գոնե պետք է լիներ 20-30 վայրկյան, ոչ թե 2 րոպե` նույնիսկ ճնշման, խոնավության դեպքում: Գազն այստեղ 5000-6000 կիլոկալորիա է, վրացականը` 8000-8100»:

Վահան Մարտիրոսյանը խոսքում ևս մեկ անգամ խոսելով Հայաստանում գազի կալորիականության մասին` հիշեցրեց պատգամավոր Լյովա Խաչատրյանի դժգոհությունը, որը հայտնել էր ԱԺ-ում Գազի համաձայնագրերի վերաբերյալ լսումների ժամանակ` բերելով հետևյալ օրինակը.

«Սովետի ժամանակ գյուղացիները սուրճը դնում էին գազին, եփում, հետո նոր գնում էին գոմ: Իսկ հիմա սուրճը դնում են գազին, գնում գոմ, կովին խոտ տալիս, գալիս են մի անգամ էլ կնոջը սիրում, հետո՝ էլի մեկ անգամ, ու այդ ընթացքում նոր սուրճը հասցնում է եռալ»:

 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее