Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է: Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից և հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսևորման աստիճանը։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սեքսոպաթոլոգ Արամ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ փոխվել է մարդկանց կարծիքը` սեռական հիվանդությունների, գենդերային և սեռական վարակների վերաբերյալ:
«Սեքսուալ Առողջության Պաշտպանություն» ՀԿ տնօրեն Ռուզաննա Ազատյանն էլ նկատեց` անգամ մարզերից ու հեռավոր սահմանամերձ գոտիներից մեծացել է դիմելիությունը:
Բանախոսները` փաստում են. վերջին մի քանի տարիների ընթացքում ամուսնական զույգերը ձեռք ձեռքի բռնած դիմել են բժշկի, իսկ առաջ անհարմար էին զգում հիվանդանոց այցելել:
Ռուզաննա Ազատյանը նշում է` սեռական առողջության վերաբերյալ լեգենդները շատ են. օրինակ` համբուրվելիս հղիանալու մասին և այլն:
Բժիշկները հիշեցնում են` առողջ սեռականությունը առողջ զույգի, ընտանիքի ձևավորումն է, որն էլ ձևավորում է առողջ հասարակություն:
«Ամուսնանալ պատրաստվող զույգը ֆիզիկապես և հոգեպես պետք է առողջ լինի: Կարևոր է փոքրուց ֆիզիկական առողջությանը հետևելն ու գիրք կարդալը»,-խորհուրդ տվեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սեքսոպաթոլոգը:
Անի Կարապետյան