▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սեփական խայտառակ պատկերը նիկոլավարի գցեցին ուրիշի գրպանը»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երեկ հերթական անձրևը և հերթական խայտառակությունը Երևանում՝ վարարած գետեր՝ Երևանի փողոցներում: Դե, նախօրոք Սուրենյանը արդեն նախապատրաստեց, որ մի օրվա մեջ ամբողջ ամսվա անձրև է թափվելու («Խեղճ Նիկոլն ի՞նչ անի, անձրևներն են շատ» կործանարար բանաձևը հիշեցինք), իսկ ահա իշխանություններն էլ, լինի դա քաղաքային կամ կենտրոնական, սեփական խայտառակ պատկերը նիկոլավարի գցեցին ուրիշի գրպանը. կարդում ենք՝ մեղավորը Վեոլիան է, մարդիկ վերջին հայհոյանքներն են տալիս, և վերջ, «հարցը լուծված է», «մեղավորին» իմացան ու հայհոյեցին:
Եվ մեկը չի հարցնում՝ հեղեղատարների, ասֆալտների թեքության ու այլ ճանապարհաշինական հարցերի հետ ի՞նչ կապ ունի Վեոլիան: Անգամ անզեն աչքով նայեք փողոցներին. կա՛մ ասֆալտի թեքությունն է սխալ, կա՛մ հեղեղատարը սխալ է անցկացրած, օրինակ, ոչ թե ճանապարհի մայթեզրի (ասֆալտի թեքության) կողմն է, այլ հակառակը, կամ հեղեղատարի անցքերն ընդհանրապես չեն մաքրված, ու խցանումից ջուրը չի քաշում, կամ էլ ընդհանրապես հեղեղատար չկա՝ ասֆալտել ու անցել են առաջ: Արդյունքում, օրինակ, ջուրը կարող է Սարալանջի փողոցից կիլոմետրով հոսել ու «ժամանել» Տերյան, այնտեղից՝ եսիմ ուր:
Իհարկե, այս խայտառակ պատկերի պատճառները շատ են, բայց կա մեկ ճշմարտություն՝ այս ամենի պատասխանատուն քաղաքային իշխանությունն է Երևանում, ի դեմս քաղաքապետարանի ու մեծամիտ ու տխրահռչակ քաղաքապետի:
Եթե մենք ասում ենք՝ էս ինչ շինարարը լավ չի արել, հեղեղատար չի նախագծվել, ո՞վ է մեղավոր, եթե ոչ պատվիրատուն, կամ, ասֆալտ են արել, հեղեղատարը նախատեսված է եղել՝ փակել են, բա դուք, իբրև քաղաքապետարան, գնացել ու գործը ընդունել եք, ո՞վ է մեղավոր, անգրագետ ասֆալտ անողնե՞րը, թե՞ Տիգրան Ավինյան անունով մեկը, որը լուրջ դեմքով բազմած է քաղաքապետի աթոռին ու թույլ է տվել այդ ամենը:
Միթե՞ դժվար է ընդունելն ու հասկանալը, որ այդ պրոբլեմները՝ տրանսպորտի, ջրի, էներգետիկայի, դրանք քաղաքաշինական խնդիրներ են, եթե, օրինակ, մեկին ասում ես՝ հող առ ու շենք սարքի, և հետո պարզվում է՝ ՀԷՑ-ին հոսանք քաշելու համար ենթակայանի տեղ չի թողնվել, մայթեզր չի թողնվել, սյուների տեղադրման համար տեղ չի թողնվել, ապա դա ՀԷ՞Ց-ն է մեղավոր, թե՞ տարածքը տվողը, որը չի վերահսկել, որ քաղաքաշինական նորմերը պահպանվեն, և հետո մարդիկ չիմանան՝ գլխներին ինչ հող տան, որ հարցերին լուծում տան:
Նույն ուղևորափոխադրման խնդիրը. տրանսպորատյին ընկերությունների՞ հարցն է, թե՞ քաղաքաշինական՝ քաղաքային իշխանությունների՝ ինչպես կանոնակարգել, կանգառները որտեղ ու ոնց տեղադրել, ճանապարհը երկու, թե երեք գիծ լինի, տաքսիները որտեղ կայանեն, որ չխանգարեն, և այլն:
Հասկանում եմ, որ հայ իրականության մեջ քաղաքաշինական մշակույթը Արտաշես Ա-ից ու Հաննիբալից ի վեր մի փոքր զարգացել է ռուսական - խորհրդային շրջանում ու կանգ առել, ինչի համար էլ ունեցել ենք բնակավայրեր, բայց լուրջ քաղաքներ՝ հատուկենտ: Բայց գոնե պե՞տք է մտածել գոնե այդ ուղղությամբ:
Օրինակ, ստեղծվել են արագ արձագանքման հերթապահ խմբեր, որ, որտեղ լինի խցանում կամ խնդիր, իբր, արագ արձագանքեն, հրեն մեքենան, դուրս բերեն և այլն: Իբրև թե լավ բան է: Բայց դա նման է նրան, որ ոչ թե վերքը բուժես, այլ հոսող արյունը կամ թարախը անընդհատ մաքրես, մինչև մարդը ուշագնաց լինի կամ մահանա:
Կարելի էր, չէ՞, անձրև եղանակին ստեղծել խնդիրների գույքագրման մասնագիտական խմբեր, որոնք տեղերում մասնագիտորեն կգույքագրեին՝ որտեղ չկա ասֆալտի թեքություն՝ հրատապ քանդել ու նորմին համապատասխան սարքել, որտեղ է հեղեղատարը կեղտոտ՝ բացել, որտեղ հեղեղատարը ուղղակի ասֆալտով փակած է՝ պլանավորել ու բացել, որտեղ ապօրինի շինություն - շինարարություն կա՝ հարցը կարգավորել, որտեղ ընդհանրապես նախագծված չի հեղեղատար՝ առաջարկել ու անել, հասկանալ՝ ինչու՞ է Հաղթանակի կամուրջը հեղեղվել, Դավթաշենում Եղվարդի խճուղին, օրինակ մշտապես հեղեղվում է զուտ ասֆալտի թեքության բացակայության պատճառով՝ տեսանելի է դա անգամ անզեն աչքով:
Վերոնշյալը կարելի է պլանավորել ու արագ լուծումներ տալ, եթե, իհարկե, կա լրջախոհ ու գործելու կամային հատկանիշներով օժտված քաղաքային ու կենտրոնական իշխանություն, այլ ոչ շոուների սիրահար, խնդիրը գավառական ժուլիկությամբ ուրիշի գրպանը նետելու մեջ հմտացած, քաղաքաշինական և պետականաշինական մշակույթից հեռու, բառի վատագույն իմաստով գեղցի ֆեյսբուքչիների հավաքածու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее