▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը վախենո՞ւմ է Սերժի անունը տալ

avetis-payqar.blogspot.com. Դեկտեմբերի 30-ին Ռ. Քոչարյանի հարցազրույցը Տիգրան Սարգսյանի համար սպանիչ էր ոչ միայն բովանդակությամբ, այլեւ ձեւով։ Սակայն քաղաքական դաշտում մի տեսակ «եթիմ» մնացած վարչապետին, ինչպես ասում են, «բաբոս էլ» կքննադատի, «պապս էլ» կհայհոյի, եթե մնում է միայն «վարչապետի շրջանակներում» ու նրա խոսքը խաղաքական չէ։

Շատ կարեւոր է, թե ով է էդ քննադատության ու հայհոյանքի հեղինակը։ Եթե դա քաղաքական ուժ կամ քաղաքական մարդ է, ապա այլ են այդ խոսքի նկատմամբ պահանջները։ Հիշո՞ւմ եք, թե որքան տարօրինակ էր, ծիծաղելի ու որքան ձեռ առան ՀՅԴ-ին, որ հայ-թուրքական արձանագրությունների առիթով արտգործնախարարության պահակից սկսած մինչեւ Է. Նալբանդյանի հրաժարականն էր պահանջում, իսկ նույն այդ արձանագրությունների իրական հեղինակ ու կնքահայր Ս. Սարգսյանին քնքշորեն հորդորում՝ «նախագահ, մի՛ զիջիր»։
Ռ. Քոչարյանը, թեկուզ ոչ լեգիտիմ կարգավիճակով, բայց ամբողջ 10 տարի ղեկավարել է Հայաստանը։ Ու այդ հիմքով էլ հավակնում է, որ իր ասածը որպես քաղաքական խոսք ընդունվի։ Քաղաքական խոսքը, սակայն, անկեղծություն ու նվազագույն համարձակություն է ենթադրում։ Ով, ով, բայց Ռ. Քոչարյանը հո շատ լավ գիտի չէ՞, որ Տ. Սարգսյան վարչապետը այլ բան չէ, քան Սերժ Սարգսյանի հանձնակատարը, կատարածուն, գործիքը։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Անդրանիկ Մարգարյանն՝ իր մոտ։ Եւ այդ դրվածքը հաստատվել է ի՛ր օրոք, ի՛ր կողմից՝ հակառակ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների։ Հիմա ի՞նչ. քաղաքական խոսքի հավակնող Ռ. Քոչարյանը «սպանում է» վարչապետին եւ չի համարձակվում գոնե հիշատակել Սերժ Սարգսյանի անո՞ւնը։
Քաղաքական խոսքի հավակնողը էդքան համարձակաություն պիտի ունենա ասելու համար, որ կյանքի ցանկացած բնագավառում ցանկացած ձախողման պատասխանատուն ամենից առաջ Սերժ Սարգսյանն է։ Հիմա դա գիտեն բոլորը, եւ ասում են շատ-շատերը։ Եթե չի ասում, ուրեմն համարձակությունը չի բավարարում, վախենում է Սերժից։ Եւ էդքան քաղաքական համարձակություն չունենալով դեռ ուրիշներին էլ արհամարհանքով «մոսկա» է անվանում։ Էս դեպքում Կռիլովի հայտնի առակի «Մոսկայի» կերպարն ավելի բնական ու ընդունելի է, քան այն ինչ ցուցաբերում է ինքը՝ Ռ. Քոչարյանը։
Եւ վերջապես. Քոչարյանը հասարակությանը բան ունի ասելու Մարտի 1-ի մասով։ Առնվազն եւ առաջին հերթին՝ Մարտի 1-ի մասով։ Քանի դեռ այդ գործը չի բացահատվել ու նա պատասխան չի տվել իր գործողությունների համար, հասարակության համար նրա խոսքը ունի զրոյական արժեք։
Հեղինակ` ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее