Այն, որ Հայաստանում գործատուները համատարած ոտնահարում են իրենց աշխատակիցների իրավունքները, նորություն չէ: Սակայն այն, որ պետական եւ համայնքային նշանակության հիմնարկներում, այն էլ դպրոցում կարող են կոպտորեն խախտելով օրենքը` ոտնահարել աշխատակցի իրավունքը, արդեն համապատասխան մարմինների ուշադրության առարկան պետք է դառնա: Հենց այսպիսի խնդրով է «Ժողովուրդ»-ին դիմել Երեւանի բնակիչ Ալբերտ Գեւորգյանը, ով 2013 թվականին որպես պահակ աշխատել է մայրաքաղաքի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում: Քաղաքացու պնդմամբ՝ նշված դպրոցում իր իրավունքները ոտնահարվել են, եւ նա մինչ օրս չի ստացել իր աշխատավարձի վերջնահաշվարկը:
«Ժողովուրդ»-ին դիմած Ալբերտ Գեւորգյանը պատմեց, որ դեռեւս 2013 թվականին ընդունվել է Երեւանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց` որպես պահակ: Սակայն մոտ երկու տարի աշխատելուց հետո իր նկատմամբ տեղի ունեցող անարդարությունների հետ չհամակերպվելով՝ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս պահին նա դեռ աշխատանք չունի:
Քաղաքացու պատմելով՝ 2013 թվականի հուլիսի 1-ին, երբ ՀՀ Կառավարությունը բարձրացրեց նվազագույն աշխատավարձը, իր աշխատավարձը 46 հազար դրամից դարձավ 59 հազար 500: Բացի այս, ըստ Կառավարության որոշման՝ բարձրացված աշխատավարձին պետք է գումարվեր նաեւ 30 տոկոսին համարժեք հավելավճար, որը դիտվելու էր որպես գիշերային վճար: Սակայն «ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացու խոսքերով՝ նա այդպես վճարվել է միայն 2013-ի օգոստոսին, իսկ, ահա, սեպտեմբերից դպրոցի տնօրինությունը հանել է այդ գիշերային հավելավճարները եւ այն դարձրել ժամավճար, ինչի արդյունքում պահակի ստացած աշխատավարձը մոտ 50 տոկոսով նվազել է:
Ալբերտ Գեւորգյանի խոսքով` նշված դպրոցում աշխատելու տարիներին ոտնահարվել են իր աշխատանքային իրավունքները, եւ նա իր ձեռքի տակ ունի դա հաստատող փաստաթղթեր:
«2013 թվականի սեպտեմբերից ավարտվեց Կառավարության որոշման ուժը, քանի որ դպրոցի տնօրենն ու հաշվապահը, հովանավորվելով քաղաքապետարանի անհայտ պաշտոնյայի կողմից, կատարեցին հաշվարկ՝ հօգուտ սեփական գրպանի: Վերացրին մոտ 17 հազար դրամ գիշերային հավելավճարը եւ ստեղծեցին գիշերային ժամավճար: Նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի համաձայն՝ գիշերային ժամավճարը բաղկացած է լինում միջին աշխատանքային ժամավճարից, ապա դրան գումարվում է ժամավճարի 30 տոկոսը եւ հետո բազմապատկվում եղած ժամերի քանակով: Իրականում հաշվապահը հայտնաբերեց միջին ժամավճարը, ստացավ 30 տոկոսը եւ առանց գումարելու ժամավճարին՝ բազմապատկեց ժամերի քանակով: Այսպես, դպրոցի յուրաքանչյուր պահակից կորզեցին ամսական մոտ 10 հազար դրամ»,- բացատրեց նախկին պահակը: Նրա համոզմամբ՝ նման հաշվարկն ապօրինի է, քանի որ քաղաքապետի կողմից կա հաստատված հաստիքացուցակ, որտեղ ժամավճարի մասին խոսք անգամ չկա:
Զրույցի ընթացքում տեղեկացանք նաեւ, որ անարդարության զոհ դարձած քաղաքացին մեկ տարի անընդմեջ դիմել է աշխատանքի պետական տեսչություն՝ ներկայացնելով փաստարկներ՝ իր բնորոշմամբ «անհեթեթ եւ ապօրինի հաշվարկների» վերաբերյալ, եւ խնդրելով ըստ գործող հաստիքացուցակի՝ քաղաքապետարանի միջոցով պարզաբանել ստույգ աշխատավարձի չափը: Սակայն նրա բոլոր դիմումները մնացել են անարձագանք:
Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում