Այս տարվա մարտի 18-ին Շիրակի մարզի Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատի կապի կայան ահազանգ էր ստացվել, որ Ամասիա-Ցողամարգ ճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենա է մնացել՝ իր 4 ուղևորներով, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնում «Ուրալ» ամենագնաց ավտոմեքենա՝ մեկ մարտական հաշվարկով:
Դեպքի վայր հասնելով` անձնակազմը հանդիպում է անօգնական, մրսած ուղևորների, որոնց փրկարարները տեղափոխում են Ամասիայի ՀՓ ջոկատ, տեղավորում տաք սենյակում, հյուրասիրում և ձնաբքի դադարելուց հետո ճանապարհում:
Իր աշխատանքն ինչպես միշտ լավագույնս կատարող ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Արմեն Կարապետյանը դեռևս դեպքի վայրում, երբ օգնություն էին ցույց տալիս, ուշադրություն է դարձնում ուղևորուհիներից մեկին՝ Լուսակերտ քաղաքի բնակչուհի Անի Դալլաքյանին: Ամբողջ ընթացքում հայացքներ փոխանակող երիտասարդների համար այս հանդիպումը դառնում է ճակատագրական։ Առաջին իսկ զրույցից նրանք հասկացան, որ ստեղծված են միմյանց համար: Ոչ իրական,առեղծվածային թվացող, անակնկալ այս հանդիպման արդյունքում նրանց սրտերը միանում են, իսկ ապրիլի 20-ին տեղի է ունենում նրանց պսակադրությունը:
Ստեղծվեց մի նոր ընտանիք՝ յուրահատուկ պայմաններում, յուրահատուկ ձևով՝ արտակարգ իրավիճակում: Ամասիայի ՀՓ ջոկատի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է նրանց ամուսնության առթիվ և ցանկանում, որ լինեն անսահման երջանիկ, և որ նրանց կյանքի կտավը հյուսված լինի միայն վառ գույներից:
ԱԻ նախարարությունը ևս միանում է շնորհավորանքներին և մաղթում, որ սիրո կրակը նորապսակների սրտում մշտապես վառ մնա ու ջերմացնի նրանց նորաստեղծ ընտանիքը: