▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունեմ հիմնավոր կասկածներ, որ Հակոբն իր կամքով չի տեղափոխվում երրորդ երկիր. Լարիսա Ալավերդյան

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր ԿԽՄԿ  հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները  հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատների հետ:

Հանդիպման ընթացքում հարազատներին տեղեկացրել են, որ Հակոբը տեղափոխվելու է երրորդ երկիր, ապա նամակներ են փոխանակել:

Թեմայի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, ով երկար տարիներ զբաղվում է գերեվարվածների խնդիրներով:

 Խոսելով երրորդ երկիր տեղափոխվելուց հետո Հակոբին  Հայաստան վերադարձնելու հնարավորության մասին` Լարիս Ալավերդյանը մասնավորապես ասաց.

«Ընդհանուր առմամբ,  այդ արդյունքը չկա: Միջազգային պրակտիկան և մերը  ցույց չեն տվել ակնհայտ այդպիսի օրինակներ: Մենք չենք ֆիքսել որևէ դեպք, երբ գնացողը վերադարձել է, սակայն որևէ արգելք ևս չկա: Պետությունը, որն  ընդունում է, նրան տալիս է որևէ կարգավիճակ, որն այդ երկրում նրա գտնվելը դարձնում է լեգալ: Դրանից հետո նա ազատ է, կամքն իրենն է, սակայն գոյություն ունեն հոգեբանական և այլ խնդիրներ»:

Ի պատասխան հարցին, թե անձամբ ինքը հակվա՞ծ է հավատալու, որ Հակոբը ոչ թե ցականում է հայրենիք վերադառնալ, այլ երրորդ երկիր, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ոչ թե հակված չեմ, այլ ունեմ հիմնավոր կասկածներ: Եվ ոչ միայն ես: Եթե համադրում ես այն երկու հարցազրույցները, որոնք, ի դեպ, երկուսն էլ Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտումով էին, տեսնում ես, որ առաջին անգամ, երբ ավելի «սպասելի էր», թե նա կասի, որ  փախել է և ցանկանում է վերադառնալ երրորդ երկիր, դա տեղի չի ունենում: Այդ մասին Հակոբը խոսեց 10  օր իր հետ «աշխատելուց» հետո միայն: Այսինքն՝ ունեմ հիմնավոր կասկածներ, որ տեղափոխումն իր ցանկությամբ չէ»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն  մի քանի անգամ  հայտնել են, որ Հակոբը ցանկություն է հայտնել երրորդ երկիր վերադառնալ:

Հիշեցնենք նաև, որ թե ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, թե ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բազմիցս հավաստիացրել են, որ եթե Հակոբը վերադառնա Հայաստան, նրան քրեական հետապնդում չի սպասվում:  

 

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее