Հարգելի լրատվամիջոցներ, ձեզ ենք ներկայացնում Կենդանաբանական այգու մի խումբ աշխատակիցների (և նախկին, և ներկա) բաց նամակը:
Ցանկանում ենք Ձեր ուշադրությունն ուղղել մի հարցի վրա, որը հուզում է շատերին: Վերջին ժամանակներս շատերի ուշադրության կենտրոնում է Երևանի Կենդանաբանական այգին ու նրա տնօրենը: Արդեն 2-րդ տարին է, որ Ռուբեն Խաչատրյանը զբաղեցնում է այդ պաշտոնը և իր վրա է վերցրել Այգու վերականգնման խնդիրը, որի մասին բազմիցս հայտարարել է տարբեր հեռուստաընկերություններով: Այս տարիների ընթացքում ինչ է արել նա, փորձենք անցկացնել մի փոքրիկ էքսկուրս. հենց առաջին ամսվանից Այգու տոմսերը կրկնակի թանկացան, վերացավ երեխաների անվճար հաճախման արտոնությունը: Ստեղծված սուտ գովազդի պայմաններում ժողովրդին ներկայացվեց Այգում <տեղի ունեցած> փոփոխությունների մասին: Արդյունքում մեծացավ այցելուների հոսքը Այգի: Ըստ տնօրենի խոսքերի` այցելուների քանակը տասնապատկվեց: Այսինքն այգու եկամուտները եռակի մեծացան:
Այգում ստեղծվեց մոնոպոլիա առևտրի կետերի նկատմամբ, որի արդյունքում առևտրից ողջ հասույթը մտավ վերոհիշյալ տնօրենի գրպանը, տարբեր հաշիվներ բացվեցին բանկերում` կենդանիների խնամակալության համար : Այդ գումարները հավաքագրվեցին, սկսվեց տարածքում վաճառվել կենդանիների համար նախատեսված սնունդ, ի դեպ սննդի մեջ մտնում են այն նույն միրգն ու բանջարեղենը, որը տրամադրում է պետությունը բյուջեից կենդանիների համար, այսինքն տնօրենը սկսեց ժողովրդին վաճառել պետության կողմից անվճար տրամադրվող միջոցները:
Լավ, այստեղ էլ փորձենք աչք փակել` հույս ունենալով, որ այդ միջոցները կօգտագործվեն այգու վերականգնման համար, թեև տնօրենը խոսք էր տվել սեփական միջոցներ ներդնել Այգու համար: Հիմա տեսնենք թե ուր են գնացել այդ միջոցները: Վերանորոգվեց հասարակական զուգարանը, տնօրենի նստավայրը, դրվեցին անվտանգության պահակակետեր, վերանորոգվեց սրճարանը, կառուցվեց խանութ, Վիվասելի կողմից հովանավորվող հիմնադրամի համար վերանորոգվեց տարածք: Սրա կողքին բանվորների սեփական ուժերով այգու տարածքի կտրված ծառերից ստեղծվեցին սիրամարգերի համար տարածքներ, որոնք ներդրում չեն պահանջում, բայց գեղեցկացնում են տարածքը, այգու տարածքից հավաքված խողովակներից ու մետաղի ջարդոնով ամրացվեցին որոշ ազատավանդակներ, որը կատարվեց այգու բանվորների քրտնաջան աշխատանքի շնորհիվ առանց հավելավճարի, իսկ այն բանվորները, որոնք բողոքեցին ու պահանջեցին խոստացված հավելավճարը, հեռացվեցին աշխատանքից: Տարածքում անցկացվեցին տնօրենի գլխավորած Հիմնադրամի համար միջոցառումներ, որի համար հովանավորը բնականաբար հատկացրեց մեծ գումարներ: Այդ միջոցառումների ընթացքում տանջվեց նորից Այգու անձնակազմը և օգտագործվեցին Այգու միջոցները` բանվորներ, անվտանգության աշխատակիցներ, հավաքարարներ, աղբահանություն: Իսկ դրա փոխարեն հավանաբար տնօրենը իր հիմնադրամի հովանավորին ներկայացրեց նկարված ծախսերի բյուջե: Բայց դե սա համապատասխան իրավապահ մարմինների խնդիրն է: Այգում սկսվեց առյուծների ազատավանդակների մեծ շինարարություն: Տնօրենը բազմիցս իրեն գովազդեց այդ շինարարությունով, բայց միթե ներդրված գումարի առյուծի բաժինը մեր բազմաչարչար բյուջեինը չէ: Այգու բյուջե վերոհիշյալ գումարների ներհոսքի պայմաններում չբարձրացվեց աշխատողների աշխատավարձը, որի պատճառով բազմիցս բողոքի նամակներ ուղղվեցին քաղաքապետարան: Դրանից հետո մեր դեմոկրատական երկրում աշխատանքից հեռացվեցին իրենց իրավունքները պաշտպանող աշխատակիցները, ինչպես տնօրենը նշեց իրենց դիմումի համաձայն: Նկատվում է տարածքի որոշակի մաքրություն: Դեմ չենք. Բացատրենք. եթե առաջ հավաքարարները ողորմածիկ աշխատավարձով աշխատում էին մի քանի ժամ, հիմա նույն աշխատավարձով բանում են օրն ի բուն, քանի որ տարիքով կանայք են ու սա է իրենց միակ ապրելու միջոցը: Այն հավաքարարները, ովքեր խնդրեցին խոստացված հավելավճարը, իրենց դիմումի համաձայն հեռացվեցին աշխատանքից: Արդեն 3 տարի է անցել` ինչ տնօրենը խոստումներ տվեց վերակառուցել Այգին, իսկ այսօր անամոթաբար հայտարարում է ազատավանդակների վատ վիճակի մասին, որի պատճառով վտանգավոր է դարձել այգի այցելելը, առյուծները այնքան կուշտ են, որ վանդակներն են ջարդում ու իրար հոշոտում: Այսօր ներսի վանդակը ջարդեցին, վաղը դրսինը կջարդեն ու զոհեր կլինի: Այդ ժամանակ տնօրենը կրկին անպատիժ կմնա` պատճառաբանելով ազատավանդակների անմխիթար վիճակը: Գիշերը շները խեղդեցին կարմիր գրքում գրանցված մուֆլոններին: Անմիջապես սկսեցին վերանորոգել այդ ցանկապատերը: Իսկ ինչով էր զբաղված տնօրենը մինչ միջադեպը, երբ բազմիցս զգուշացնում էին դրա մասին: Կառուցում էր իր սիրելի բորենու ազատավանդակը` չնկատելով այգում ավելի լուրջ հիմնախնդիրներ: Կամ Այգին զինում էր թանկարժեք տեսա և ձայնագրման միջոցներով` թշնամիներ գտնելու համար`չհասկանալով, որ ինքն է իր թշնամին ու իր տգետ կառավարումը: Իսկ այդ միջոցներով կարելի էր վերանորոգել և անվտանգ դարձնել ևս մի ազատավանդակ:
Այսօր մեր Այգին ծանր վիճակում է և նույնիսկ վտանգավոր է դարձել հասարակության համար: Նոր տնօրենը գովազդից , աշխատակազմում ներքին խռովություններից ու սեփական գրպանը լցնելուց բացի ոչինչ չտվեց մեր Այգուն: Եթե առաջ խնդրում էինք, որ պարոն Խաչատրյանը հեռանա այգուց, հիմա պահանջում ենք միջոցներ ձեռք առնել մեր կառավարությանը` նման տնօրենին պատժելու ու այգու վերոհիշյալ միջոցները ետ բերելու ուղղությամբ: Այսօր քաղաքապետի հրամանով համապատասխան ստուգումներ են կատարվում, որի համար շնորհակալ ենք: Կուսումնասիրվեն արդյոք մեր կողմից բարձրացված խնդիրները, թե կսահմանափակվեք փոխտնօրենի ձևական դիմումով, որը ամեն անգամ գրում է` տնօրենին պատասխանատվությունից փրկելու համար: Ի վերջո դիմումը մնում է տնօրենի սեղանին, միթե այդ նույն փոխտնօրենը չէր, որ դեռ 2 տարի առաջ հայտարարում էր, որ հանվելու են բոլոր ճաղավանդակներն ու ցանկապատերը, ու եվրոպական ստանդարտներով ենք աշխատելու, հիմա էլ այդ ցանկապատերը դարձան նախկին տնօրինության մեղավորությունը:
Պարոն Խաչատրյան, երբ պիտի հասկանաս, որ վաղուց տնօրեն ես ու դու պիտի պատասխան տաս քո արածների ու ամենակարևորը` չարածների համար: