▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը պահանջել է մինչև 2025 թ-ի գարունն ազատել Բրյուսովի շենքը

Նիկոլ Փաշինյանն այսօր Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը, որին մասնակցել են բացառապես նախօրոք ցուցակագրված ուսանողներ և դասախոսներ։

Ըստ 24News-ի աղբյուրների, միջոցառման ավարտից հետո Փաշինյանն իր մոտ է հրավիրել Մանկավարժականի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորներին, հանդիպմանը մասնակցել են նաև Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սարգիս Հայոցյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Փաշինյանը  տեղեկացրել է, որ այս երեք բուհերի միավորման գործընթացը պետք է հնարավորինս շուտ ավարտել, իսկ Բրյուսովի շենքը պետք է ազատված լինի մինչև 2025 թ-ի գարնանը։

Ըստ մեր զրուցակցի, Անդրեասյանը փորձել է առարկել, որ տեխնիկապես դժվար է լինելու, սակայն վարչապետը մնացել է անդրդվելի ու պնդել, որ գործընթացի ժամկետը հստակ է, իսկ «եթե չեն հասցնում, թող մի շենքում երկու բուհ ժամանակավոր գործի»։

Ավելացնենք նաև, որ Բրյուսովի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որ հայտնի է իր պրոիշխանական հայացքներով, գտնվել է գործուղման մեջ արտասահմանում, սակայն հատուկ այս հանդիպման համար վերադարձել է։

24News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ նույն Գյուրջինյանից, սակայն վերջինս կատեգորիկ հերքեց, թե Բրյուսովի շենքի հետ կապված խոսակցություն է եղել ու անգամ չսպասեց, որ հնչեցնենք միավորման հետ կապված հարցը։

«Չեմ լսել ես նման արտահայտություն: Այո', հանդիպմանը ներկա եմ գտնվել, նորից եմ կրկնում, նման բան չեմ լսել: Հաջողություն», - կտրուկ ասաց նա ու անջատեց հեռախոսը։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը:
Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը նախագծվել է որպես Ակադեմիական քաղաք, որովհետև հիմնական ինստիտուցիոնալ կառույցները, որոնք Թամանյանը նախագծել և տեղադրել է Երևան քաղաքի կենտրոնում, եղել են կրթական հաստատություններ: Այս համատեքստում, վարչապետը խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման կարևորության մասին, նշել, որ նախագծի հիմնական նպատակը կրթական պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների ապահովումն է, ինչն այսօր հնարավոր չէ Երևանի կենտրոնում, քանի որ այն Հայաստանի բոլոր իրադարձությունների կիզակետն է՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, իրավական:
«Մենք ի՞նչ ենք ուզում, ըստ էության, անել: Մենք ուզում ենք պրոֆեսորադասախոսական կազմի, գիտակրթական ոլորտի, ուսանողների համար այս մեր ընդհանուր «տանը» ստեղծել մի կրթական սենյակ, որտեղ իրենք կարող են կենտրոնանալ իրենց նյութի վրա, և տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկներն իրենց ուղղակի չխանգարեն»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее