Քուրդ բլոգեր Հայրի Թունչը թուրքական «Ռադիքալ» թերթի իր բլոգում «Ներողության նամակ հայ ժողովրդին մի քրդից» վերնագրով հոդվածում ներողություն է խնդրում հայ ժողովրդից: Գրում է ermenihaber.am-ը:
Թունչը հոդվածում վկայություններ է բերում ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Մարաշի կոտորածների մասին՝ նշելով, որ բոլոր կոտորածները նման են իրար:
Միայն զոհերի պատմություններում փոխվում են գործողության վայրը և մարդկանց անունները:
Բլոգերը, երբ առաջին անգամ լսել է Հայոց ցեղասպանության մասին, չի հավատացել: Այն միտքը, որ այդպիսի կոտորած կարող էր լինել, բավական է մարդուն սարսափեցնելու համար: Հետագայում, երբ իմացել է Մարաշի կոտորածների մասին և ուսումնասիրել, հասկացել է, թե մարդը ինչպես էր վայրենի գազանի վերածվում:
«Այս ուսումնասիրությունների ընթացքում իմացա, որ այն հողերը, որտեղ մենք ապրում ենք, իրականում հայերին էին պատկանում: Դա իմ մեջ անտանելի ամոթի զգացում առաջացրեց: Մարդ ինչպե՞ս կարող է հայրենիք կոչել այն հողը, որ ձեռք է բերել կոտորածի միջոցով»,-գրում է Թունչը:
Նա նաև ընդգծում է, որ հայերին սպանելով նրանց բնակավայրերում հաստատվածները երբեք չեն կարողացել երջանիկ լինել և չէին էլ կարող լինել, քանի որ քանդված տան տեղում նոր տուն հնարավոր չէ կառուցել, բնաջնջված մի ժողովրդի հողերի վրա մեկ այլ ժողովուրդ հայրենիք չի կարող ստեղծել: