▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածելակերպով ոչնչացնում է Գառնու տաճարը.Պատմաբան

«Ես տենդենց եմ տեսնում, որ Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային  մտածելակերպով  ուղղակի ոչնչացնում և փորձում է պղծել Գառնու տաճարը»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով  Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցմանը` ասաց պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Անթանեսյանը, ով գործընթացն անիմաստ է համարում նաև տուրիզմի զարգացման առումով:

«Ինքս տուրիստական ընկերության տնօրեն եմ և հավաստիացնում եմ, որ ոչ մի զբոսաշրջիկ նախ չի տնօրինում իր ժամանակը և Հայաստան գալով  չունի այնքան ազատ ժամանակ, որ իր կամքով նստի նաև Գառնիում և ճաշի: Տվյալ դեպքում գուցե հետևի ներքին հրահա՞նգ, որ տուրիստական կազմակերպություններն այնտեղ  իրենց զբոսաշրջիկներին ճաշ մատուցեն, չգիտեմ: Բայց, բոլոր դեպքերում, այդ ամենի մեջ միտում եմ տեսնում հայոց  մշակույթը պղծելու և ոչնչացնելու»,-ասաց պատմաբանը` ոչ մի կերպ չարդարացնելով Մշակույթի նախարարության քայլը:

«Արորդաց ուխտի» քուրմ Վարուժան Աղաջանյանի խոսքով էլ` վտանգված է մեր ազգային ինքնության  անձնագիրը` Գառնիի մայր տաճարը:

«Վտանգում են` սարքելով օբյեկտ: Գառնին չի կարելի պղծել, ինչպես չի կարելի պղծել Էջմիածինը, ինչպես  ցանկացած եկեղեցական կառույց: Չի կարելի քանդել, ավերել: Սրճարանը, խաշանոցը, որ սարքում են իրենց համար` տաճարից դուրս պետք է լինի: Ինչո՞ւ դնել ու քանդել, ինչո՞ւ չուսումնասիրել, թե ինչ կա դրա ընդերքում: Վտանգված եք դուք, ձեր երեխաները: Դա մեր նախնյանց պաշտամունքի տեղն է: Մեր հայրերին հարգում ենք, սիրում, չենք սիրում մեր պապերին: Չէ՞  որ վաղը մեր երեխաները «սկի»-ով են գրվելու` «յան»-ի փոխարեն»,-մտահոգությունը հայտնեց պարոն Աղաջանյանը` հույս հայտնելով, որ տաճարը չեն պղծի:

Վահե Անթանեսյանը համոզված է, որ սրճարանի գործելու դեպքում խրախճանքներ են լինելու, ինչ արդյունքում ամբողջ տարածքը կվերածվի կենցաղային աղբանոցի:

«Իրենց ստամոքսային մտածողությամբ փորձ են անում պղծել տաճարը, բայց հայտարարում եմ, որ չեն կարողանալու անեն»:

Հարցին, թե ինչպե՞ս են պայքարելու, քուրմ Վարուժանը պատասխանեց, որ ունեն իրենց առաջարկը, որը ոչնչով չի զիջում Մշակույթի նախարարության արված առաջարկին:

«Սրճարա՞ն եք սարքում, մենք առաջարկում ենք հազար անգամ ավելի օգտակարը, ավելի եկամտաբեր: Ծրագիր, որը արդյունավետ կլինի նաև զբոսաշրջության զարգացման գործում: Դեպի տաճար մուտք` աջի վրա կառուց կա, որը ժամանակին որպես հանդերձարան են օգտագործել: Մեզ հասած տվյալներով` չգիտեմ որերորդ դարում թանգարան կառուցվի: Առաջարկում ենք այդտեղ Գառնու տաճարի հնագիտական թանգարան կառուցել, որտեղ կցուցադրվեն նմուշները: Մենք պատրաստ ենք ֆինանսավորել»,-հայտարարեց Վարուժան Աղաջանյանը` հավելելով, որ այս դեպքում զբոսաշրջիկը տաճար կմտնի գլխարկը հանած:

Հիշեցնենք, որ Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սրճարան բացելու գաղափարին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեմ չէ: Նրա խոսքով` եթե հնագիտական շերտին չեն դիպչում, վնասում, կարելի է և կառուցել:

Իսկ բանախոսների հավաստմամբ` դեռ 3-4 շերտ կա ուսումնասիրելու:

 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее