Հայաստանի միակ խոշոր քաղաքական ուժը, որում չի գերիշխում անհատապաշտությունը, դա Հանրապետական կուսակցությունն է: Այս տեսանկյունից ակնառու է տարբերությունը մի կողմից` ՀՀԿ-ի, իսկ մյուս կողմից` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի միջև: Մեր ներկայիս քաղաքական իրողություններն այնպիսին են, որ խորհրդարանում փոքրամասնություն կազմող այս կուսակցությունների հետագա արդյունավետ գործունեությունը դժվար կլինի պատկերացնել առանց, համապատասխանաբար, Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Մարգարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Արթուր Բաղդասարյանի: Առանց թվարկված առաջնորդների հիշյալ կուսակցությունների գոյությունն իսկ խիստ հարցականի տակ է: Բացառություն կարելի անել միայն Դաշնակցության համար, որը մարքսիստական տիպի հեղափոխական` հետևաբար բնույթով ավտորիտար կուսակցություն է, որին պետք է բնորոշ լինի ցմահ առաջնորդի` այլ ոչ թե փոխարինելի պարզ կուսակցապետի առկայությունը: Անհատապաշտությունը կուսակցական կյանքի լճացման ամենակարճ ու վստահելի ճանապարհն է: Այդ ճանապարհը բռնածքաղաքական ուժերն անմրցունակ են իրականում, իսկ ժամանակի ընթացքում նաև ագրեսիվ են դառնում իրենց դավանած իրական ու մտացածին արժեքները չկիսողների հանդեպ: Այդքանով շատ ձեռնտու են: Ինչպես ասացի, Հայաստանի միակ ոչ անհատապաշտ քաղաքական ուժը Հանրապետական կուսակցությունն է. այս քաղաքական ուժը խոհեմաբար ընտրել է նախագահապաշտության տարբերակը: Այս տարբերակը շահեկան է այնքանով, որ պաշտամունքի առարկան ոչ թե ինչ-որ մի անհատ է, որն օժտված է ինչ-ինչ առաքինություններով, այլ երկրի գործող բարձրագույն պաշտոնյան: Գործող բարձրագույն պաշտոնյայի հենարանը լինելու մենաշնորհը կուսակցությանը հնարավորություն է ընձեռել ընդունել այդ պաշտոնում հաստատված նոր անձին այնպես, ինչպես իր նախորդին էր ընդունում իր պաշտոնավարման շրջանում: Անհատապաշտների ու նախագահապաշտների պայքարում առայժմ առավելությունը վերջիններիս կողմն է:
Ֆեյսբուք